«Մենք կերանք մեր հացը»
Գրող, ով միշտ դիմում է նորարարությունների եւ ով որսացել է ընթերցողի իր տեսակը։
Այսպես բնորոշեց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը՝գրող Էդուարդ Հարենցին, ում 6-րդ գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր. «Նա ունի շատ երկրպագուներ, ընթերցողներ, ովքեր տարբերվում են։ Իսկ արդյո՞ք գիրքը կհասնի հաջողության, թե ոչ՝ կախված է միայն պոետից»։
Էդուարդ Հարենցը թվով 6-րդ գիրքը վերնագրել է «Ինտերմեդիա ջրերից»։ Գիրքը երեք բաժին ունի՝«Վարդից մինչեւ կեսօր», «Լույսի նախդիրներ», «Մանուշակագույն թավջութակի եւ երգեհոնի համար»։ Յուրաքանչյուր բաժնում էլ ներառված են անսպասելի վերնագրերով ստեղծագործություններ։ Բանաստեղծը չցանկացավ վերնագրերից խոսել, միայն հավելեց. «Իմ մեջ մի քանի բանաստեղծ կա, այնպես որ անսպասելի վերնագրերը արդարացված են»։ Բանաստեղծը նաեւ նշեց, որ իր ընթերցողները բարդ են եւ գիրքը ոչ բոլորի համար է։
Շնորհանդեսին ներկա էր նաեւ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ով բանաստեղծությունների հետ կապված մի քանի դիտարկումներ եւս արեց։
«Հարենցը պոեզիան ներսից է բերում։ Նա գնում է դեպի բարդացում»,-այսպես բնութագրեցին իր ընկերները Հարենցին ու նրա պոեզիային։
Իսկ մենք շատ էինք խելոք
ու շատ էինք չար.
ձուն ուտում էինք՝միայն դեղնուցը,
թեյը թափում էինք...
Հետո հպարտ–հպարտ իջնում էինք բակ ու հայտարարում,
թե՝«Մենք կերանք մեր Հացը»…
Հատված «Ուրցով թեյ»–ից