Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոտարիատի թարգմանչի որակավորման ստուգում կանցկացվի

Քաղաքականություն
1a335a82ca95fa399d060f91c831b212

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտարարում է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգումների (այսուհետ՝ որակավորման ստուգում) անցկացման մասին: Որակավորման ստուգման համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության այն բոլոր գործունակ անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և օտար լեզվին տիրապետելու մասին վկայական: Որակավորման ստուգման հետ կապված հարցերը կարգավորված են «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի «Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգը հաստատելու մասին» N 193 որոշմամբ: Որակավորման ստուգման համար դիմողներին տրվելու են հայերենով և իրենց կողմից ընտրված օտար լեզվով տեքստեր՝ ընտրված հանձնաժողովի կողմից, որոնք ենթակա չեն նախօրոք հրապարակման: Ստուգման ընթացքում դիմողն իրավունք ունի օգտվելու բառարաններից և համակարգչային տեխնիկայից: Արգելվում է օգտագործել ցանկացած տեսակի հեռահաղորդակցության միջոցներ: Համրի նշանները հասկացող և խուլի հետ նշաններով բացատրվելու նպատակով վկայական ստանալու համար դիմողներին տրվելու են հայերենով տեքստ` ընտրված հանձնաժողովի կողմից, որը դիմողը պետք է թարգմանի ժեստերի լեզվով: Ինչպես նաև դիմողը կթարգմանի հայերեն լեզվով հանձնաժողովում ընդգրկված թարգմանչի կողմից ժեստերի լեզվով ներկայացված տեքստը: Ստուգումների արդյունքները գնահատվում են 20 միավորի համակարգով, 17 և բարձր միավորի դեպքում աշխատանքը համարվում է դրական: Որակավորման ստուգման հետ կապված տեղեկատվությունը ուղարկվելու է դիմորդներին՝ իրենց ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեներով, ինչպես նաև հրապարակվելու է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում: Հեռախոսազանգով, փոստային առաքմամբ, ֆաքսի միջոցով կամ վերը չնշված որևէ այլ միջոցով ծանուցումներ նախատեսված չեն: ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին