Կարելի է ապրել Հայաստանում
Աջակցիր «Ա1+»-ին«Հայաստանում ապրելը մեզ համար դեռ երբեք խոչընդոտ չի հանդիսացել»
Նոյեմբերի 10-ին կայացավ «Դեպի Հայք» (Birthright Armenia) ծրագրի մասնակիցների հանդիպում-քննարկումը ծրագրի շրջանավարտներ Րաֆֆի Քեոհնելյանի և Էնթոնի Կաթսի հետ:
Շրջանավարտները Հայաստան ժամանած երիտասարդ սփյուռքահայերին պատմեցին իրենց փորձը, Հայաստանում մասնագիտական հեռանկարների, ինչպես նաև ճանապարհին հանդիպող խոչընդոտների մասին: Կանադահայ երիտասարդներ Քեոհնելյանն ու Կաթսը, մասնակցելով «Դեպի Հայք» ծրագրին, նախ այցելեցին Հայաստան կամավորության նպատակով, այնուհետև այստեղ մշտական բնակություն հաստատեցին և հիմնադրեցին կանադական iNexxus օնլայն մարքեթինգի գործակալության մասնաճյուղը Հայաստանում:
«Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ կարելի է ապրել Հայաստանում և աշխատել ամբողջ աշխարհի հետ: iNexxus-ն իր փորձով ապացուցում է դա: Մենք մի շարք համաշխարհային բրենդերի մարքեթինգային արշավներ ենք իրականացրել և Հայաստանում ապրելը դեռ երբեք խոչընդոտ չի հանդիսացել: Ավելին, այստեղ հիանալի թիմ ունենք և էլ ավելի մեծ նախագծերի ենք պատրաստվում», - նշեց Քեոհնելյանը:
Ներկայումս կամավորությամբ զբաղվող «Դեպի Հայք» ծրագրի մասնակիցները դեռևս ծանոթանում են Հայաստանի կենսակերպին, մշակույթին և պատմությանը: Ծրագրի ավարտից հետո նրանք կարող են վերադառնալ տուն կամ հաստատվել այստեղ: iNexxus-ի համահիմնադիր Էնթոնի Կաթսը հիշում է, որ իրենք նույնպես ժամանակին կանգնել են այդ ընտրության առաջ. «Ծրագրի ավարտից հետո մենք կամ պետք է վերադառնայինք Մոնրեալ, կամ տեղափոխվեինք այստեղ: Որոշեցինք անել երկրորդը և հիմա՝ արդեն 8 տարի անց, մենք iNexxus-ում զբաղվում ենք մեր սիրած գործով և ամեն օր ցույց ենք տալիս, որ անհնարին ոչինչ չկա: Պարզապես ցանկություն է պետք»:
Կանադահայ գործարարները տեղեկացրեցին iNexxus գործակալության հայաստանյան պլանների մասին.
«Սա դեռ միայն սկիզբն է: 2015թ. փետրվարին պլանավորում ենք մարքեթինգի սեմինար կազմակերպել բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են մասնագիտանալ ոլորտում: Մուտքը բնականաբար անվճար կլինի և սեմինարի ընթացքում կկսիվենք հանրահայտ բրենդերի հետ ունեցած iNexxusի փորձով և կարծում եմ մասնակիցներն իրենց համար շատ օգատակար գիտելիքներով կհեռանան»:
Հիշեցնենք, որ «Դեպի Հայք» ծրագիրն իրականացվում է 2003թ-ից: Իր գործունեության ամբողջ ընթացքում հիմնադրամը հովանավորել է 33 երկրներից ավելի քան 800 սփյուռքահայ երիտասարդների այցը Հայաստան: