Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ էր ատոմակայանը 88 օրից ավելի կանգնել պլանային վերանորոգման (տեսանյութ)

Տնտեսություն
c6d5f43d4ac49ecd6193a28b61a27f6f

Նախատեսվում է մինչեւ տարվա վերջ միջկառավարական համաձայնագիր ստորագրել Մեծամորի ատոմակայանի շահագործման երկարաձգման մասին: Այսօր ԱԺ-ում 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկումներին նշեց ՀՀ էներգետիկայի եվ բնական պաշարների նախարարի տեղակալ Արա Սիմոնյանը՝ ավելացնելով, որ ըստ էության ատոմակայանի աշխատանքները կերկարաձգվեն մինչեւ 2026թ., եւ այդ նպատակով կհատկացվի 300 մլն դոլարի ֆինանասավորում: ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը հետաքրքրվեց նրանից՝ ինչո՞ւ էր ատոմակայանը 88 օրից ավելի կանգնել պլանային վերանորոգման. «Արդյունքում մենք գնացինք էլեկտրաէներգետիկ հավելյալ ծախսերի: Ո՞վ էր դրա պատասխանատուն»: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց, թե պարոն Այվազյանն իր հարցը տվեց: «Հեռազգացողությամբ տիկին Բիշարյանի հարցը գողացա»,- արձագանքեց Վարդան Այվազյանը: Ըստ նրա՝ ատոմակայանի համար եղած ներդրումները ոչ միայն հուսալիությունը պետք է բարձրացնեն, այլեւ դրա անվտանգությունն ու երկարաժամկետությունը: Նախարարի տեղակալ Արա Սիմոնյանը տեղեկացրեց, որ եղել են ատոմակայանի հետ կապված տեխնիկական խնդիրներ, որոնցից ոչ մեկը ապահովագրված չէ. «Պլանային վերանորոգման աշխատանքներին գուցե հնարավոր էր ինչ-որ բաներ կանխատեսել, սակայն դրանցից ինչ-որ դասեր ենք քաղել եւ այս տարի պլանային աշխատանքներն արդեն ավարտական փուլում են: Հուսով ենք, որ ճիշտ սահմանված ժամկետում կավարտենք. վերջնաժամկետը նոյեմբերի 11-ն է, անգամ մի փոքր շուտ»: «Լավ, չմեկնաբանեմ»,- արձագանքեց Վարդան Այվազյանը: