Հայրենանվեր ծրագի՞ր, թե՞ ներգաղթը խթանելու միջոց (տեսանյութ)
ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար ծրագրի շրջանակներում Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում սույն թվականի հոկտեմբերի 11-ին կազմակերպվել է աշխատանքի տոնավաճառ՝ արտերկրում ապրող հայերի վերադարձը խթանելու համար։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության պետի տեղակալ Գարիկ Սահակյանը այս կապակցությամբ նշեց, որ այս նախաձեռնության շրջանակներում ծրագիրը դիտարկում է երեք հիմնական ոլորտներ, որոնք ունեն յուրահատուկ տնտեսական զարգացումն արագացնելու գերակա ներուժ՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, ագրոբիզնես և հյուրընկալություն։ Նմանօրինակ ծրագիր նախաձեռնելու միտք կա նաև Ռուսաստանում և Ֆրանսիայում։ Բանախոսը նաև շեշտեց, որ այս կերպ փորձում են ցույց տալ կառավարությանը, որ վերոնշյալ ոլորտներում ունեն բանիմաց և որակյալ կադրերի լուրջ պակաս, իսկ ծրագրի բուն նպատակներից մեկն էլ հենց գիտելիքներով լեցուն մասնագետի ճիշտ ընտրությունն է։ «Բոլորս էլ գիտենք, որ արտերկրում ուսանած փորձագետները առավել արագ են վարժվում նորարարական տեխնոլոգիաներին և դրանք կիրառելու հմտություններին, և նրանց արտերկրում հաստատվելու պատճառով մենք կորցնում ենք շատ մասնագետների, ինչն էլ իր հերթին բացասական է անդրադառնում մեզ վրա, քանի որ այնտեղ աշխատավարձը ևս համապատասխանաբար բարձր է։ Բայց կարող եմ ուրախությամբ ասել, որ կան այնպիսի եզակիները, ովքեր իսկապես ցանկանում են մասնակցել ծրագրին և վերադառնալ հայրենիք»։ Տոնավաճառի արդյունքների մասին Գարիկ Սահակյանը չցանկացավ խոսել՝ նշելով միայն, որ դեռևս վաղ է այդ մասին մտածելը, բայց հավելեց, որ ներկայացվել է մոտ 30 ինքնակենսագրական, իսկ աշխատավարձը սկսվում է 250 հազար դրամից՝ կախված ոլորտի ընտրությունից։