Փոքրիկ Սոնային փրկեցին հնարավոր կուրությունից (տեսանյութ)
Սոնան օգոստոսի 4-ին է ծնվել՝ երբ Վերանիկա Օգանեզովան դեռեւս վեցուկես ամսական հղի էր: 1 կգ 300 գրամ քաշով ծնված փոքրիկի կյանքը բժիշկներին հաջողվել է փրկել, սակայն մոտ երեք շաբաթ առաջ Սոնայի ծնողներին բժիշկները հայտնել են, որ երեխան հնարավոր է ունենա տեսողության հետ կապված լուրջ խնդիրներ, ինչը կարող է բերել նաեւ կուրության: Վաղահաս ծնված Սոնայի մոտ մասնագետները հայտնաբերել են անհասության ռետինոպաթիա հիվանդությունը, այն է ՝ ցանցաթաղանթի անոթների ոչ նորմալ աճ, որը կարող է բերել տեսողության անվերադարձ կորստի: «Երեկ զանգահարեցին ասացին, որ պետք է վիրահատվի , տեղափոխեցինք այստեղ»,- ասում է Օգանեզովան։ Հոկտեմբերի 14-ին Սոնային տեսողության կորստից լազերային վիրահատական միջամտության միջոցով փորձում էր փրկել Հայաստանում մանկական ռեթինոպատիայի կանխարգելման աշխատանքներում ներգրավված վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Թադեւոս Հովհաննիսյանը: «Հիվանդության բնույթն էնպիսին է, որ ախտահարված հյուսվածքը վնասելով առողջ հյուսվածքին կարող է բերել կուրության: Մենք կանխարգելում ենք այդ պրոցեսը»,- ասաց բժիշկը։ 2010-ից մեկնարկած Հայկական ակնաբուժության նախագծի մանկական կուրության կանխարգելման ծրագրի շրջանակներում վերապատրաստված բժիշկ Հովհաննիսյանի մասնակցությամբ անց են կացվել Հայաստանի պատմության մեջ առաջին` մանկական ռեթինոպատիան կանխարգելող 50-ից ավելի վիրահատությունները: Հայաստանյան մասնագետներին օգնում են նաեւ օտարերկրացի միջազգային ճանաչում ունեցող բժիշկները. ԱՄՆ-ից` Թոմ Լին եւ Մեծ Բրիտանիայից Չեն Վոնգը, ովքեր պարբերաբար այցելում են Հայաստան: Մանկական անհասության ռեթինոպատիան ժամանակին Հայաստանում բուժել կամ կանխարգելել չէին կարողանում: Չկային համապատասխան սարքավորումներ եւ մասնագետներ: Երեխաներին ճարահատյալ տեղափոխում էին Սանկտ Պետերբուրգ՝ վիրահատության: Սակայն վիրահատության բարեհաջող կանխարգելումը պայմանավորված է վաղ հայտնաբերմամբ ու համապատասխան միջոցառումների իրականացմամբ: Այսօր Հայաստանում ծնված բոլոր անհաս նորածինները հետազոտվում են, հիվանդության զարգացումը հսկվում է մասնագետների կողմից եւ անհրաժեշտության դեպքում կատարվում են համապատասխան վիրահատական միջամտություններ: «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի նորածնային եւ մանկական կլինիկայի ղեկավար, Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանը նշում է. «Այսօր Հայաստանում ստեղծվեց աշխարհում եզակի ակնաբուժական սրահ եւ այդ խոռոչային վիահատությունները արդեն կատարվում են Հայաստանում: Եվ մենք արդեն կարծես թե դառնում ենք տարածաշրջանային կենտրոն, որովհետեւ վաղը հետազոտվում է վրացի պացիենտ, որին նախատեսվում է վիրահատվել Հայաստանում»։ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի նորածնային եւ մանկական վերակենդանացման բաժանմունքում Սոնան վիրահատվեց ընդհանուր անեսթեզիայի ներքո: Վիրահատությունը տեւեց երկու ժամից ավելի: «Եթե սա համարենք մի էտապ վիրահատության, ապա մենք այսօր կարող ենք հաջորդ էտապին ավելի բարդ վիրահատություններ էլ կատարել: Կանխարգելով հիվանդության զարգացումը՝ մենք նպաստում ենք առողջ սերնդի զարգացմանը»,- ասաց Թադեւոս Հովհաննիսյանը։ Սոնայի մայրիկը հավատում է վիրահատության բարեհաջող արդյունքին եւ խորհուրդ տալիս այլ մայրիկներին. « Շատ դժվար է մայրիկի համար: Ոչ թե դժվար է, այլ շատ դժվար: Իմ խորհուրդը բոլոր մայրերին, որ իրանք շատ ռիսկով մոտենան, իրանց երեխային պետք է դրական էներգիա տան»: