Լրագրողը կառերեսվի ոստիկանի հետ
«4-րդ ինքնիշխանություն» թերթի լրագրող Անի Գեւորգյանն այսօր որպես տուժող կրկին հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն՝լրացուցիչ հարցաքննության: Խոսքը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հունիսի 23-ի բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպին է առնչվում՝ ոստիկանների կողմից պաշտոնեական լիազորությունները գերազանցելու, բռնություն կիրառելու, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելու հատկանիշներով հարուցված քրեական գործով։ «Վաղը առերեսում է տեղի ունենալու իմ եւ մի ոստիկանի միջեւ։ Ես իմ ցուցմունքում նշել էի, որ երբ ակտիվիստներին բերման էին ենթարկել ոստիկանական բաժանմունք, բաժնի մոտ էին հավաքվել լրագրողներ եւ քաղաքացիներ։ Հենց այդ ժամանակ էլ ոստիկանները սկսեցին բռնություն գործադրել՝ բաժնի մոտից հավաքվածներին հեռացնելու համար։ Ոստիկանների շարքի միջից հարված ստացա շրթունքիս մասում, որը դարձավ վերք»,- «Ա1+»-ին ասաց Անի Գեւորգյանը։ Սակայն նա չի հավատում, որ այս գործով ինչ-որ բան կբացահայտվի, քանի որ միայն իր բանավոր խոսքն է։ Մինչդեռ այլ գործեր են եղել, երբ պարզ նկարահանված է եղել, թե որ ոստիկանն է խոչընդոտում լրագրողի աշխատանքը, սակայն գործը կարճվել է։ Անի Գեւորգյանը հիշում է 2014 թվականի փետրվարի 12-ին Երեւանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքը, երբ ոստիկաններից Վարդան Գևորգյանը փորձում էր խլել իր տեսախցիկը եւ դա տեսաձայնագրվել էր։ Այս դեպքի հետ կապված գործը Անի Գեւորգյանը բողոքարկում է դատական կարգով։