Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ԴԵՌ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Տնտեսություն

Հայաստանին հաջողվել է Համաշխարհային Բանկին «համոզել», որ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ֆինանսավորումը շարունակվի մինչեւ 2006 թվականի դեկտեմբերի վերջը:

Ֆինանսավորումն ուղղվելու է «Ձեռնարկությունների ինկուբատոր» ծրագրի շարունակության համար: Ծրագիրը սկսվել է 2002 թվականից, երբ Համաշխարհային Բանկը 3 տարվա համար Հայաստանին տրամադրեց 5 մլն. դոլար: «Ձեռնարկությունների ինկուբատոր»-ի ստեղծման ժամանակ, սակայն Հայաստանում եղել է նաեւ համաֆինանսավորում, ուստի հաջողվել է «գումարներ տնտեսել»:

Այսօր Համաշխարհային Բանկը Հայաստանին որեւէ նոր գումար չի հատկացնելու, պարզապես «տնտեսված» գումարը շարունակելու են օգտագործել: Քանի որ «ձեռնարկությունների ինկուբատոր»-ը Հայաստանում համարվում է արդեն կայացած կառույց, ֆինանսավորման նոր փուլում գումարներն ուղղվելու են կառույցի զարգացմանը:

«Ձեռնարկությունների ինկուբատոր»-ը զբաղվելու է բիզնես-խորհրդատվությամբ: «Ձեռնարկությունների ինկուբատոր»-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ հիմնականում ինկուբատորի մասնաբաժիններով կստեղծվեն նոր ձեռնարկություններ: Առաջիկայում նախատեսվում է ստեղծել երկուսը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում Հայաստանում այսօր գործում է շուրջ 100 ընկերություն, որոնք շուրջ 50 մլն. դոլարի արտադրություն եւ արտահանում են իրականացրել: Ի դեպ, հենց այս տվյալների առումով նոր մտահղացում է առաջացել Հայաստանում: Ոլորտը առայժմ վիճակագրության դաշտում չի գտնվում եւ դաշտում գործող ընկերությունների եւ նրանց արտադրանքի իրական ծավալի մասին տեղեկություններն առայժմ դժվար է հստակեցնել:

Խնդիրն այն է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունների մեծ մասը չի գիտակցում, որ ՀՀ տնտեսության սուբյեկտ է: Առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանի գնահատմամբ, այդ ընկերություններն իրենց համարում են օտարերկրյա գլխադասային ընկերությունների մասնաճյուղեր: Փոխնախարարի ասելով, նաեւ խնդիր չի առաջանում այն ժամանակ, երբ ընկերություններին առաջարկվում է մտնել ՀՀ վիճակագրության դաշտ:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում, սակայն վիճակագրական ցանց ստեղծելու առումով էլ Հայաստանին անհրաժեշտ է Համաշխարհային Բանկի աջակցությունն ու ֆինանսավորումը: Դրա համաձայնությունը նույնպես արդեն ձեռք է բերված: