Անդրիաս Ղուկասյանի համար եռյակի թեզը դեռ պարզ չէ (տեսանյութ)
Անկախ քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը հոկտեմբերի 10-ին գնալու է եռյակի հանրահավաքին։ Նրա կարծիքով՝ երկրում իշխանությունները խորը ճգնաժամ են ստեղծել և ոչ մի կերպ չեն կարողանում էֆեկտիվ գործել։ «Ես հետևել եմ մարզերում եռյակի ելույթներին և կարող եմ ասել, որ դեռ ինձ համար պարզ չէ նրանց թեզը և հոկտեմբերի 10-ին հուսամ ամեն ինչ ավելի հստակ կդառնա»,-նշում է նա։ Պարոն Ղուկասյանը թեև դժվարանում է ասել՝ կսկսվի՞ արդյոք երկրում նոր քաղաքացիական շարժում, թե ոչ, բայց համոզված է , որ հանրահավաքին իշխանափոխության կոչեր կհնչեն. «Միայն հանրահավաքից պարզ կդառնա՝ ինչ կլինի հետագայում և կա՞ն արդյոք նախադրյալներ, որպեսզի այլ ուժեր ևս միանան, բայց կոչեր կհնչեն, ու անկասկած հանրահավաքը իր արձագանքը կգտնի»։ Ինչ վերաբերում է սեպտեմբերի 21-ին Արցախում նորաստեղծ «Խաղաղություն և զարգացում» կուսակցությանը, Անդրիաս Ղուկասյանը տեղեկացրեց. «Ես կուսակցության հետ այնքանով կապ ունեմ, որ աջակցել եմ կուսակցություն ստեղծող նախաձեռնող խմբին, կուսակցությունը հիմնված է սոցիալ-լիբերալիզմի գաղափարախոսության վրա և ապագայում նախատեսվում է Հայաստանում ևս ստեղծել նույն կուսակցությունից։ Սա հիանալի քայլ կլինի, քանի որ կստեղծվի Հայաստանն ու Արցախը իրար կապող նոր ուժ, որը կարող է բոլորովին նոր քաղաքականության կրողը դառնալ»։