ՑԱՆԿԱԼԻ ԵՎՐՈՆԵՐ
Աջակցիր «Ա1+»-ինՀաջորդ տարվանից Նիդեռլանդների Թագավորության կառավարությունը Հայաստանին տրամադրելու է 5 մլն եվրո: Երբ Նիդեռլանդների Թագավորության Զարգացման համագործակցության նախարար Ագնես Վան Արդենը լրագրողների ներկայությամբ հայտնեց այս մասին, ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը չկարողացավ թաքցնել իր ուրախությունը:
Մինչ օրս Նիդեռլանդները մեր երկրին տարեկան տրամադրում էր 4,7 մլն եվրո, իսկ լրացուցիչ 300000-ը, ըստ նախարարի, բավականին գումար է ծրագրեր իրականացնելու համար: Վարդան Խաչատրյանն այսօր Նիդեռլանդների Թագավորության կառավարության ներկայացուցիչների հետ երկու համաձայնագիր ստորագրեց՝ մեկը երկու երկրների միջեւ Զարգացող տնտեսություն ունեցող երկրների հետ համագործակցության, մյուսը ներդրումների խրախուսման եւ փոխադարձաբար պաշտպանության վերաբերյալ:
Առաջին ծրագրով տարեկան Հայաստանում կարող են ֆինսավորվել 2-3 համատեղ ծրագրեր՝ յուրաքանչյուրը 500000 եվրո արժողությամբ: Ինչ վերաբերվում է ներդրումներին, ապա, ըստ տիկին Վան Արդենի՝ հոլանդացի գործարարներն արդեն ցանկություն են հայտնել ներդրումներ անել Հայաստանի այգեգործության, սննդի վերամշակման եւ այլ ոլորտներում:
Ընդհանրապես, ինչպես տեղեկացրեց Նիդեռլանդների Թագավորության փոխվարչապետ-ֆինանսների նախարար Հերիտ Զալմը, իրենք նման համաձայնագրեր են ստորագրում բոլոր այն երկրների հետ, որտեղ հնարարավոր են նիդեռլանդական ներդրումներ: Ներդրումների պաշտպանության մասին համաձայնագրով երկու կողմերը պարտավորվում են ապահովել արդար եւ հավասար ռեժիմ: «Տնտեսական անվտանգություն եւ կայունություն. ահա թե ինչ պետք է ՀՀ կառավարությունն անի ներդրողների համար»,- ասուլիսի վերջում ավելացրեց Ագնես Վան Արդենը: