ԴՈԼԱՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է
Աջակցիր «Ա1+»-ին«Դոլարի եւ դրամի հարաբերակցությունը որոշվում է առաջարկով եւ պահանջարկով: Երբ ավելանում է պահանջարկը դոլարի նկատմամբ, ապա դոլարի գինը սկսում է բարձրանալ ՀՀ-ում»,- սա ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի բացատրությունն է, թե ինչու է վերջին օրերին ԱՄՆ դոլարի փոխարժեքը բարձրացել: Ըստ նրա, դրամ-դոլար հարաբերակցության վրա ազդող գործոնները բամաթիվ են եւ հնարավոր չէ ասել, թե դրանցից որի ազդեցությունն է ավելի մեծ:
ԿԲ նախագահն առաջարկում է հետեւել, թե որ ոլորտներում է տնտեսական աճ, եւ դրա հետեւանքով ինչպիսի լրացուցիչ պահանջարկ կա փողի նկատմամբ: Բացի այդ, կարեւոր է՝ «ինչ ծավալի փող է գալիս Հայաստան՝ ուղղակի, անուղղակի ներդրումների, թե՞ մասնավոր տրանսֆերտների տեսքով»: Տիգրան Սարգսյանն ասում է, որ դա դժվար է գնահատել, քանի որ դրամի մեծ կանխիկ հոսք կա Հայաստան:
«Լավագույն ձեւը այդ ռիսկերից զերծ մնալու համար պետք է խնայողությունները պահել հայկական դրամով եւ հետեւել գներին»,- ասում է ՀՀ ԿԲ նախագահն՝ ավելացնելով, որ Հայաստանի իշխանությունները պատասխանատու են միայն դրա համար, իսկ. «Արտարժութային շուկաների ազդեցությունը մեր կառավարումից դուրս է»:
Տիգրան Սարգսյանը վստահեցնում է, որ այս տարվա առաջին եռամսյակում նախորդի համամատ տրանսֆերտները 40 տոկոսից ավելի աճել են: ԿԲ նախագահը նաեւ վստահեցնում է, որ այս տարի էլ է ծրագրավորված տնտեսական աճ գրանցվելու, նաեւ արդյունաբերության ոլորտում:
Հիշեցնենք, որ որոշ տնտեսագետների գնահատմամբ՝ դրամի բարձր կուրսից նախորդ տարի ամենից շատ տուժել են տեղացի արդյունաբերողները: