ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՏՈՒ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր տեղի ունեցավ «Իզմիրլյան-Եվրասիա ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՍՊԸ հանդիսավոր բացումը, չնայած վարկային կազմակերպությունը սկսել է գործել 2004թ օգոստոսի 1-ից:
Ըստ ընկերության գործադիր տնօրեն Զաքար Բոյաջյանի՝ երկու կազմակերպությունները միավորվել են՝ «Հայաստանի տնտեսության եւ բնակչության կենսամիջոցների բարելավման գործում ներդրում ունենալու համար»: Մինչ օրս «Իզմիրլյան-Եվրասիա ունիվերսալ վարկային կազմակերպությունը» հաստատել է 2,3 միլիոն ընդհանուր գումարի 41 վարկ՝ 275 աշխատատեղով: Վարկերը հիմնականում տրամադրվել են սննդի արտադրությամբ, ծառայություններով, եւ գյուղատնտեսությամբ զբաղվող ձեռնարկություններին:
Վարկերի առավելագույն ժամկետը 48 ամիս է, առավելագույն գումարը՝ 125000 ԱՄՆ դոլար, տարեկան տոկոսդրույքը՝ 15 տոկոս: Բարձր չէ՞ այդ տոկոսադրուքը Հայաստանի համար՝ հարցին ի պատասխան, նորաստեղծ ՍՊԸ խորհրդի անդամ, «Իզմիրլյան» հիմնադրամի փոխնագահ Գրեգորի Ջերեջյանը մամուլի ասուլիսում ասաց, որ իրենք հաշվի են առել շուկայում գործող դրույքները: Դեռ ավելին, ըստ նրա, դա գրավիչ տոկոսադրույք է: Պարոն Ջերեջյանը հայտնեց, որ «իրենք Հայաստանում շահադիտական նպատակ չեն հետապնդում», տոկոսադրույքներից ստացված գումարը վերստին շրջանառվում է Հայաստանում՝ վարկերի տեսքով:
Իսկ 15 տոկոսադրույքի դեպքում՝ վարկավորված կազմակերպությունները ի վիճակի՞ են մնալ «լեգալ հարկային դաշտում»՝ հարցին՝ «Իզմիրլյան-Եվրասիա ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՍՊԸ գործադիր տնօրեն Զաքար Բոյաջյանը հայտնեց, որ իրենց վարկավորած կազմակերպությունները 100 տոոկսով վճարում են հարկերը:
Ի դեպ, մինչ օրս վարկավորվածների միայն 3 տոկոսը ժամկետին չի վերադարձրել վարկը՝ տարբեր դրդապատճառներով: Նրանց նկատմամբ, ըստ Բոյաջյանի, կիրառվում են տարբեր իրավաբանական տույժեր: