ՀՀ-Ն ՎՆԱՍՈՎ ԱՇԽԱՏՈՂ ԲԱՆԿԻ ՓԱՅԱՏԵՐ Է
Աջակցիր «Ա1+»-ինԱյս տարվանից կրկնակի կրճատվել է Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի (ՍԱԶԲ) հայաստանի անդամության փայաչափը: Այս մասին հայտնեց Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը:
Քանի որ ՍԱԶԲ-ին Հայաստանն ընդամենը 2%-անոց փայատեր էր, այդ տոկոսաչափն իջեցվել է 1%-ի: Պատճառը՝ բանկին Հայաստանի ունեցած պարտքն է, որը մեր երկիրը չի կարողացել տարիների ընթացքում մարել: Որպեսզի ՍԱԶԲ-ի մասին տեղեկությունն ավելի ամբողջական դառնա, ներկայացնենք կազմակերպության անդամ 11 երկրների ցանկը՝ փայաբաժիններով. Հունաստան, Ռուսաստան, Թուրքիա՝ 16.5-ական տոկոս, Բուլղարիա, Ռումինիա, ՈՒկրաինա՝ 13.5-ական տոկոս, Ալբանիա, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա՝ 2-ական տոկոս, եւ Հայաստան՝ արդեն 1 տոկոս:
Նախորդ տարի ՍԱԶԲ-ն իրականացրել է 600 հազար դոլարի վարկային ծրագրեր՝ իր անդամ բոլոր երկրներում, որից Հայաստան է ուղղվել ընդամենը ամբողջ վարկային գումարի 0.38%-ը:
2% ակցիաներից մեր երկիրը շահույթի բաժին չի ստացել, քանի որ բանկը վնասով է աշխատել: Նախորդ տարի վնասը կազմել է 199 000 բրիտանական ֆունտ-ստեռլինգ, իսկ 2003-ին՝ 5 մլն ֆունտ-ստռլինգ:
ՍԱԶԲ կանոնադրական կապիտալը 1 մլրդ ֆունտ-ստեռլինգ է, ինչը գոյացել է անդամ պետությունների անդամավճարներով:
Հայաստանը պատրաստվում է առաջիկայում անդամակցել եւս մեկ՝ Ասիական բանկին, որի բաժնետոմսերի մի մասին տիրանալու համար պահանջվում է 9 մլն դոլար: Հերթական բանկին ՀՀ-ն դարձյալ պարտքով է անդամագրվելու, քանի որ Ասիական բանկի համար բյուջետային հատկացումը կազմում է 4 մլն դոլար:
Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկը այս տարի նույնպես Հայաստանում իրականացնելու է տարբեր վարկային ծրագրեր, որից ամենաուշագրավը ալյումինի գործարանի («Ռուսալի») առողջացման ծրագիրն է: Ֆինանսների նախարարն այսօր ասաց, որ այդ ծրագրին ՍԱԶԲ-ն կմասնակցի 23 մլն դոլարով, սակայն քննարկումը որոշվել է մեկ ամսով հետաձգել: Ընդհանուր ծրագիրը կազմում է 144 մլն դոլար:
ՍԱԶԲ նախագահ Մուսթաֆա Քյուրթինը այսօր բանկի տարեկան հաշվետվությունից հետո Հայաստանի իշխանություններին խիստ դուրեկան հայտարարություն արեց. «Մինչ վերջերս մեր բանկը մտահոգված էր ձեր երկրում գործունեության փոքր մասշտաբով: Այսօր Հայաստանի գործարար միջավայրն ու ներդրումային դաշտը զգալիորեն բարելավվել է, դա երեւում է առաջին հայացքից: Խելքին մոտ ֆինանսավորման արժանի ծրագրեր գտնելը հիմա արդեն հեշտացել է»: Նա Վարդան Խաչատրյանին պարբերաբար կոչում էր «ձերդ գերազանցություն»: