Հայաստանը պետք է հատուկ ռեժիմով անդամակցի ԵՏՄ-ին (տեսանյութ)
«Սեպտեմբերի 3-ին Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելու որոշումը մեծապես պայմանավորված էր Հայաստանի և Արցախի անվտանգության խնդրով»,-այսօր «Նովոստի» մամուլի կենտրոնում, «Եվրասիական ընտրություն–Հայաստան–2014» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ ռուսական կողմին վստահեցրեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը։ Պարոն Մինասյանը իր ռուս գործընկերներին խնդրեց ուշադրություն դարձնել այն փաստին, որ Հայաստանը պետք է հատուկ ռեժիմով անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը. «Այն մաքսային մեխանիզմները, որոնք գործում են Եվրասիական տնտեսական միությունում, կարո՞ղ են արդյոք լավ ազդեցություն ունենալ մեր երկրի համար, ես այնքան էլ վստահ չեմ։ Հայաստանը կարող է բեռ դառնալ մյուս երկրների համար։ Այդ պատճառով հատուկ ռեժիմով պետք է կատարվի Հայաստանի անդամակցումը»,-նկատեց նա։ «Մաքսային միության մատակարարների» նախագահ Օլեգ Նագինսկին, պատասխանելով Սերգեյ Մինասյանին, նշեց, որ Եվրասիական տնտեսական միությունը տնտեսական միավորում է և քննարկման թեմա պետք է դառնան միայն տնտեսական հարցերը. «ԼՂՀ-ին վերաբերող հարցերը պետք է լուծվեն ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Ներկա դրությամբ Հայաստանը դեռ չի ընդունել ու չի վավերացրել օրենսդրական ամբողջական փաթեթը, որը հարկավոր է ՄՄ-ին և ԵՏՄ-ին ամբողջական անդամակցելու համար: Մասնակի անդամակցում չի կարող լինել։ Ժամանակն է, որպեսզի ՀՀ ԱԺ-ում լինի այս հարցերով զբաղվող մարմին»։ Հակադարձելով Նագինսկուն՝ ՕԵԿ-ական պատգամավոր Մհեր Շահգելդյանը հիշեցրեց. «ԼՂՀ-ին վերաբերող հարցերը Հայաստանը չէ, որ բարձրաձայնել եւ առաջ է քաշել` ԵՏՄ-ին անդամակցության շրջանակներում»։