Քառյակը հնարավոր է դիմի ՍԴ
«Մենք պարտված մարմնի մոտ էինք երեկ գնացել»,- այսօր ԱԺ-ում ոչ իշխանական քառյակի համատեղ ասուլիսին ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ ՀԾԿՀ որոշմանը: Իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ նկատեց՝ այսպիսով մենք ունենք փլուզվող, դեֆոլտային տնտեսություն. «Իշխանությունների նպատակն է՝ ժողովրդից կորզել ինչ հնարավոր է, ինչ մնացել է, դրան գումարած նաեւ դրսից վարկեր վերցնել, ինչի արդյունքում արտաքին պարտքն արդեն մեծ չափերի է հասել, եւ 70-80 տոկոսի է հասել աղքատությունը: Էլեկտրաէներգիայի արտահանումը ՀՀ-ի միակ ստաբիլ ապրանքն էր, որը հիմա վտանգված է: ՀԾԿՀ-ն իր դերի մեջ չէ, ու նա չի կատարում Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթները: Նրա կողմից միշտ սպառողների շահերը ստորադասել են տնտեսվարողների, մանավանդ մենաշնորհ ունեցողների շահերին»: Ըստ նրա՝ բոլոր հիմքերը կան ՍԴ դիմելու համար՝ վերհանելու օրենքի թերությունները՝ գերակա համարելով հասարակության շահը»: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն իր հերթին նկատեց՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ սոցիալապես անապահով խավերին սուբսիդավորելու մասին, ընդամենը վերաբերում է 105 հազար ընտանիքի, ու էլեկտրաէներգիայի շատ փոքր ծավալների մասին է խոսքը. «Մեզ համար մասնակի լուծումներն ընդունելի չեն»: