«Փուչ խոստում՝ Սերժ Սարգսյանի կողմից»
Ոչ իշխանական քառյակը տեր է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ իր հայտարարությանը եւ հետեւողական է լինելու այն իրականացնելու հարցում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով երեկ ՀԿԾՀ կայացրած որոշմանը՝ օգոստոսի մեկից 4 դրամով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Պարոն Մանուկյանը վստահեցրեց՝ կար չթանկացնելու հնարավորություն, եւ այդ նպատակով էլ շարունակելու ենք համագործակցել ՀԿ-ների հետ. «Համատեղ աշխատանքների արդյունքում կունենանք հայտարարություններ, կոնկրետ քայլեր: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը մեր պահանջների մեջ է, ու իշխանությունն այս խնդիրը պետք է լուծի»: Նա նաեւ պատմեց, թե երեկ հանձնաժողովն ինչպես կայացրեց իր որոշումը. «ՀԾԿՀ-ն բացարձակ չմասնակցեց բանավեճերին, իշխանությունները վստահ էին, որ հանձնաժողովի անդամները խելոք, հեզիկ-նազիկ քննարկելու են հարցը, ու արդյունքում հայացքները ներքեւ՝ քվեարկեցին կողմ սակագնի բարձրացմանը: Սա փաստ է, որ որոշումն իսկապես քաղաքական էր: Իսկ մեր արգումենտները եւ ֆինանսական էին, եւ քաղաքական»: Արամ Մանուկյանը փաստեց նաեւ՝ իշխանությունները արտաքին լուրջ վարկեր են վերցնում, սակայն դրանց արդյունավետությունը չի երեւում եւ հանգեցնում է լուրջ կոռուպցիոն ռիսկերի: Նրա համար հատկապես անակնակալ էր, որ ՀՀ-ն այնքան վատ վիճակում է, որ Վրաստանից է էլեկտրաէներգիա գնում: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե սոցիալապես անապահով խավերին սուբսիդավորել, պարոն Մանուկյանը նկատեց. «Սա քամի է, փուչ խոստում. եթե անգամ իրականանա, դա որեւիցե խնդիր չի լուծելու: Մեր նպատակը իշխանություններին ջարդելը չէ, այլ համոզել, որ սա կբերի գնաճի, ինչն էլ իր հերթին՝ արտագաղթի նոր ալիքի»: