Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիները տերերին հանձնելու հարցն ընդունվեց (տեսանյութ)
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի ու դեմոկրատ կոնգրեսական Էլիոթ Էնգելի նախաձեռնությամբ ու ջանքերով սկսված հանձնաժողովի լսումների ընթացքում Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիներն իրենց տերերին հանձնելու հարցը՝ թիվ 4347 բանաձեւն արժանացավ երկու կուսակցությունների աջակցությանը։ Էդ Ռոյսն իր խոսքում ասաց, որ չնայած Թուրքիայի իշխանությունների լավատեսական հայտարարություններին, ԱՄՆ-ը պետք է Թուրքիային պատասխանատու համարի հայկական, հունական ու ասորական հազարավոր եկեղեցիները վերադարձնելու գործում։ Մյուս կոնգրեսականներն ասացին, որ հարկավոր է օգնել Թուրքիային այս ուղու վրա առաջընթաց իրականացնելու հարցում։ Կոչ արեցին, որ Թուրքիայի իշխանությունները դադարեցնեն խոսքի ազատության վրա դրած արգելքները։ Այս մասին քվեարկություն անցկացվել էր նաեւ 2Օ11 թվականին, սակայն հինգշաբթի օրն ընդունված օրենսդրական միջոցը մեծապես տարբերվում է նախորդից։ Եթե նախորդը պարզապես կոչ էր, ապա թիվ 4347 բանաձեւը, Ներկայացուցիչների պալատում հաստատվելուց ու Սենատում հավանության արժանանալուց հետո պարտադիր իրագործելի կդառնա ԱՄՆ-ի արտգործնախարարության համար։ Ինչպես Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Եղիսաբեթ Ջուլջյանն է ասում, «Պետքարտուղարությունը պարտավորված կլինի ամեն տարի հաշվետվություն ներկայացնել Կոնգրեսին այն մասին, թե ինչ ճնշումներ են բանեցվում Թուրքիայի վրա այս ուղղությամբ եւ թե ինչ առաջընթաց է գրանցվել դրանց արդյունքում»։ Ի դեպ, լսումների ընթացքում հստակ երեւում էր թուրքական լոբբիի ներկայությունը, ինչն արտահայտվեց կոնգրեսական Քոնելլիի միջոցով։ Սակայն մյուս կոնգրեսականները՝ Ռոյս, Էնգել, Սիսիլինի, Սմիթ, Շերման եւ այլոք, շատ կարեւոր դեր ունեցան թուրքական լոբբիի ազդեցության տակ ներկայացված բանաձեւը մերժելու գործում։ Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիներն ու մյուս սեփականությունն իրենց իրական տերերին հետ վերադարձնելու մասին Ներկայացուցիչների պալատի թիվ 4347 բանաձեւն ընդունվեց քվեարկությամբ։ «Ոչ» բացականչողների թիվը միայն մեկն էր։ Ամերիկայի ձայն