Կազուսներ ու անհեթեթություններ՝ կուտակայինի օրենքից (տեսանյութ)
Եթե պարտադիրն այլեւս պետք է կոչվի նպատակային վճար, ապա ինչո՞ւ է պետությունն ամեն տեղ պարտադիր բառը շեշտում, թեեւ անգամ վերնագիրն այդ բառը չի պարունակում: Այսօր Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը. «Ունենք հարկեր, տուրքեր, որոնք պարտադիր են, սակայն չի նշվում բառացի՝ պարտադիր են: Հեգնանք չհամարեք՝ դուք իսկապե՞ս մինչեւ վերջ կարդացել եք օրենքի դրույթները, հակառակ դեպքում ես ստիպված կլինեմ հրապարակել առկա իրավաբանական կազուսներն ու անհեթեթությունները... Ես բառիս տերն եմ, դրանց կանդրադառնամ ելույթիս ընթացքում: Իսկ միգուցե դուք ընդամենը վստահել եք ձեր իրավաբանական բաժնի աշխատողների՞ն: Օրինակ՝ անհեթեթության մի օրինակ բերեմ՝ մասնակցի լռությունը համարվում է սեփականությունը ընդունելու կամքի արտահայտություն»: Արտեմ Ասատրյանն ընդունեց՝ հնարավոր է լինեն թերացումներ, եւ միշտ կարելի է ունենալ ավելի լավ նախագծեր, սակայն եղած թերացումները կարող են տեխնիկական բնույթի լինել: Ինչ վերաբերում է Արամ Մանուկյանի բերած օրինակին, ապա նախարարը պատասխանեց. «Շնորհակալ եմ, իհարկե, ձեր դիտարկումների համար, սակայն դա ընդունված ձեւաչափ է նաեւ»: Արամ Մանուկյանը շարունակեց՝ նշելով. «Պարտադիր ֆոնդի այն բացատրությունը, ինչպես դուք ասացիք, օրենքում չկա գրված: Եթե որեւէ մեկը այստեղ ինձ ասի, թե դա պետությանն է վերաբերում ու հենց այդպես էլ ֆիքսված է օրենքում, ես ներողություն կխնդրեմ»: Նիստից հետո՝ ընդմիջմանը, նախարարն ու Արամ Մանուկյանը երկար քննարկում էին առկա բացթողումները: