Վահրամ Բաղդասարյանը՝ քառյակին. «Մեզ իրենց կարծիքը պետք չէ» (տեսանյութ)
Քառյակի այսօր հրապարակած 12 կետից ոչ մեկում Սերժ Սարգսյանի եւ ոչ մի հանրապետականի հրաժարականը չկա։ «Պարզապես Սերժ Սարգսյանի հեռացումը երկիրը չի փրկի»,- ասում է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Իշխանություններին ուղղված 12 կետերից են ընդդիմության մասին օրենքի ընդունումը, 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելը, արդեն վաճառված «Որոտան» ՀԷԿ-ի վաճառքի բացառումը՝ առանց Ազգային Ժողովի թույլտվության։ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, սակայն, պնդում է՝ չար ծառը, այսինքն, Սերժ Սարգսյանը, բարի պտուղ չի տա. «Այս իշխանությունը դիմակայելու երկար ռեսուրս չունի, մենք էլ իրավունք չունենք նրան տալու ժամանակ»։ Քառյակի մյուս երեք ուժերը պատրաստ են հանրապետական իշխանությանը ժամանակ տալ սահմանի վրա ավելացված արժեքի հարկը հանելու, գյուղմթերքների արտադրությունը կրկնապատկելու, «Նաիրիտի» վերագործարկման ծրագիրը հաստատելու եւ այլ հարցերի համար։ «Մենք իսկապես հնարավորություն ենք տալիս սրանով, որ նրանք իրենց խոսքերը գործի վերածեն եւ ժողովրդին համոզեն, որ իսկապես պատկերացնում են պահի լրջությունը»,- նշում է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ավելացնում է. «Եթե պահանջներ ենք ներկայացրել, պետք է ժամկետ տանք»։ Իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ «Այս փուլում ԲՀԿ-ն իր երեք գործընկերների հետ միասին նպատակահարմար է գտել ահա այս հարցերի առաջադրումը իշխանությանը»։ Քառյակը իշխանությանը ժամանակ է տալիս մինչեւ այս տարվա սեպտեմբերի 30-ը։ Եթե իրականացնեն նրանց 12 պահանջները, լավ կլինի, իսկ եթե չիրականացնեն, քառյակն առայժմ չի ասի, թե որն է լինելու Սերժ Սարգսյանի վճարվելիք գինը։ «Ամենաանշնորհակալ գործը իրադրություններ եւ իրադարձությունները կանխատեսելն է, եկեք ժամանակից առաջ չընկնենք»,- առաջարկում է Նաիրա Զոհրաբյանը։ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը կանխատեսում է. «Կունենանք համապետական հանրահավաք, կհնչեցվեն գնահատականներ, այ էդ գինը, եթե ձեր հարցը կմնա արդիական, էդ գինը էնտեղ կասենք»։ Արմեն Ռուստամյան. «Կգնահատենք, եւ մեր համատեղ գնահատականից կբխի ձեր էդ ասած հարցի պատասխանը»։ «Վերջապես կառուցողական ընդդիմություն ունենք»,-շունչ է քաշում հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը,-այդ 12 կետերից ոչ մեկում որեւէ հանրապետականի հրաժարական չի պահանջվում։ Ես ուրախանում եմ դրա համար»։ Պարոն Բաղդասարյանը տեղեկացնում է, որ քառյակի 12 պահանջների մեծ մասը կառավարության ծրագրում կա։ Հանրապետական պատգամավորը զգուշացնում է քառյակին՝ այնպես չէ, որ նրանց պահանջները վախեցրել են հանրապետականին. «Մեզ իրենց կարծիքը պետք չի, թե իրենք ինչ կմտածեն, մեզ համար կարեւորը, թե ժողովուրդն ինչ կմտածի»։