Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ է տալու Մաքսայինին կամ Եվրասիական միությանն անդամակցումը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
մաքս

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այսօր քննարկել է «Ազատ առեւտրի գոտու մասին» պայմանագրում տեղ գտած փոփոխությունները: Պատգամավորներն առիթն օգտագործել են ու Էկոնոմիկայի նախարարի տեղակալին հարցեր ուղղել Մաքսային միությունից։ Այսուհետ Հայաստանը նաեւ Ուզբեկստանի հետ կունենա ազատ առեւտրի ռեժիմ: Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում հայտարարեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը` ներկայացնելով 2013թ. մայիսի 31-ին Մինսկում ստորագրված «Ազատ առեւտրի գոտու մասին» պայմանագրում տեղ գտած փոփոխությունները: Այսպիսով, թեեւ Ուզբեկստանի հետ մեր արտաքին առեւտրի ծավալները շատ փոքր են, սակայն ինչպես տեղեկացրեց փոխնախարարը, կունենանք զրո մաքսատուրք ռեժիմ: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հետաքրքրեց` եթե մենք «Ազատ առեւտրի գոտու մասին» պայմանագրի անդամ ենք, որի շնորհիվ ավելի շատ երկրների հետ արդեն ունենք ազատ առեւտուր, ի՞նչ է տալու Մաքսայինին կամ Եվրասիական միությանն անդամակցումը։ Հարցին պատասխանեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը. «Մաքսայինի դեպքում մենք ոչ միայն փոխադարձ առեւտրի դեպքում զրոյական տարիֆներ ենք կիրառում, այլեւ պարտավորվում ենք, պայմանավորվում ենք, որ 3-րդ երկրների դեպքում մենք կիրառում ենք նույն միասնական մաքսային դրույքաչափը»:   ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ավելի շատ հետաքրքրում էր ՄՄ անդամակցության դեպքում մեր ունեցած առեւտրային առավելություններն ու հնարավոր ձախողումները. «Անտառանյութը ենթադրենք ՌԴ-ից ՀՀ ներմուծվեց կամ նավթամթերքը, իրենք արտահանման տուրք չեն կիրառելու այլեւս, իսկ մենք ներմուծելիս մաքսատուրք կիրառելո՞ւ ենք: Բա այդ դեպքում բյուջեի հսկայական եկամտային մասը, որ գոյանում է բենզինի ներկրումից, այդ դեպքում այդ եկամտային մասն ինչո՞վ ենք ապահովելու»:   Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը վստահեցրեց` ՌԴ-ից, Բելառուսից ու Ղազախստանից ներմուծվող ապրանքների համար այսօր էլ մենք մաքսատուրք չենք գանձում. «Ամբողջ Մաքսայինի համար գանձված մաքսատուրքը գնում է մի ընդհանրական բյուջե, այնտեղից որոշակի ֆորմուլաներով բաշխվում է անդամ երկրներին»: Իսկ ինչ վերաբերում է այսօրվա օրակարգային հարցին` «Ազատ առեւտրի գոտու մասին» պայմանագրին Ուզբեկստանի միանալուն, ԱԺ-ն կքննարկի նաեւ լիագումար նիստի ընթացքում: