Պատգամավորներն անլուրջ են մոտենում իրենց գործառույթներին. ՍԴ նախագահ
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանին զարմացնում է քաղաքական ուժերի այն մոտեցումը, որ հրաժարվում են մասնակցել քննարկումներին` չէ՞ որ քաղաքական ուժերի բարձրացրած հարցերի լուծման առյուծի բաժինը բարեփոխումների մեջ է. «Հանձնաժողովը երկու բան պետք է անի` կամ պետք է վերցնի այն, ինչ դուք նախկինում ասել եք պառլամենտում եւ այլն ու դրա միջոցով փորձի անդրադարձ կատարի, կամ պետք է հնարավորություն ունենա ձեզ լսելու»: Քննարկմանը ներկա «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը չի ժխտում` երկրին պետք են սահմանադրական բարեփոխումներ, սակայն կա մի անլուծելի խնդիր. «Այս իշխանությունները այն իշխանությունները չեն, որ այս բարեփոխումները կարող են անել կամ վստահություն ունեն»: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ցանկացած քաղաքական կուսակցության դիրքորոշում հարգում է. «Սա եւս վկայում է մեր հասարակության տոլերանտության մասին»։ Գործող Սահմանադրությունը բավարարում է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին: Ըստ նրա` այն լրջագույն հնարավորություններ է տալիս ունենալու ժողովրդավար, իրավական երկիր, սակայն. «Չե՞ք կարծում, որ անկախության այս տարիների ընթացքում մշտապես բախվել ենք այդ քաղաքական կամքի բացակայության հետ»: Գագիկ Հարությունյանն այս պարագայում կարեւորեց հիմնական իրավունքների դատական պաշտպանությունը` եթե այն չկա, ապա խնդիրներ են առաջանում. «Մնում է մենք կախված լինենք մարդու կամքից` գիշերը լավ երազ է տեսել, թե վատ, այսօր տրամադրությունն ինչպիսին է, որ կարողանա այսպես կամ այնպես գործի»: Գագիկ Հարությունյանը հանգամանալից անդրադարձավ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին` արդյոք հնարավոր չէ՞ մեծացնել ԱԺ խմբակցությունների, հանձնաժողովների վերահսկողական գործառույթները: Պարոն Հարությունյանը ԱԺ նիստերից մեկի սղագրության օրինակով փաստում է` պատգամավորներն իրենք են անլուրջ մոտենում իրենց գործառույթներին. «Պառլամենտի նիստերին մասնակից է եղել 3-4 պատգամավոր, 3-4 լրագրող, զեկուցողը զեկուցում է մի քիչ ծիծաղելով, մի հոգի նախագահող նստած է, վերջում ասում է` քննարկումն ավարտվեց, հարմար պահին կքվեարկենք: Ինչ է դա նշանակում, դա նշանակում է, որ ներկա կլինեն պատգամավորներ, չեն իմանա` ինչի համար են կոճակը սեղմելու, հետո կսեղմեն ու դա կդառնա օրենք»: Սահմանադրական բարեփոխումները շուտով կանցկացվեն ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաեւ մարզերում: