Վերահսկիչ պալատը կարող է տրվել ընդդիմությանը (տեսանյութ)
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը դեմ չէ, որ ընդդիմությունը ունենա վերահսկողական լծակներ։ Այսօր էլ ընդդիմությունն, ըստ նրա, վերահսկում է իշխանությանը, 10 տարի առաջ նման բան հնարավոր չէր. «10 տարի առաջ դուք չէիք կարող պատկերացնել, որ ընդդիմությունը ներկայացնող գոնե մեկ անձ լինի որեւէ ընտրական հանձնաժողովի նախագահ կամ տեղակալ կամ քարտուղար, 10 տարի առաջ դուք չէիք կարող գտնել ընդդիմության մի որեւէ ներկայացուցիչ, որը լիներ ԱԺ հանձնաժողովի նախագահ կամ տեղակալ»։ Իսկ արդյոք ընդդիմությունը դրա համար պետք է շնորհակա՞լ լինի. «Եվ չպետք է շնորհակալ լինի»՝ պատասխանում է Դավիթ Հարությունյանը։ Պարոն Հարությունյանը չի բացառում, որ կարող է եւ Վերահսկիչ պալատը տրվի ընդդիմությանը, կան երկրներ, որտեղ նման փորձ արել են, բայց հարց է՝ պատրա՞ստ են այս փուլում նման քայլի. «Մենք դեռեւս չենք կարողացել կայացնել մեր քաղաքական դաշտը»։ Հովհաննես Սահակյանը երկրներ գիտի, որտեղ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը ընդդիմադիր գործիչ է զբաղեցնում։ Բայց Հայաստանի ընդդիմությունը թող իր մեջ որոշի, թե իրենցից հատկապես ո՞ր քաղաքական ուժն է ուզում վերցնել այդ պաշտոնը. «Ազգային ժողովում կա 4-5 խմբակցություն այլեւս, ովքեր իրենց հռչակել են ԱԺ կանոնակարգի դրույթներին համապատասխան որպես ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժ կամ ընդդիմություն»։ Բացի դրանից, ըստ հանրապետական պատգամավորի, ընդդիմությունը պետք է պատրաստ լինի նման պաշտոն եւ վերահսկողական գործառույթներով այլ պաշտոններ զբաղեցնելուն։ «Պատրաստ ենք»,-ասում է դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանը, հանրապետականը թող չմոռանա, որ այդ գաղափարը հենց դաշնակցությանն է. «Մեր յոթ կետերից, ամենաառանցքային կետերից մեկն ա սա եղել»։ Բայց ըստ պարոն Ռուստամյանի, ասելով չէ, պետք է օրենսդրորեն երաշխավորվի, որ վերահսկիչ պաշտոնները ընդդիմությանն են, որպեսզի իշխանության խելքին չփչի օրերից մի օր դրանք վերցնել ընդդիմության ձեռքից. «Սա կարող է կատարվել նաեւ օրինակի համար առանձին ընդդիմության մասին օրենք ընդունելով, որտեղ հստակ դա պիտի բխի ընդդիմություն-իշխանություն միասնական քաղաքական համակարգ ձեւավորելու անհրաժեշտությունից»։ ԲՀԿ-ն սպասում է կոնկրետ քայլերի։ Նաիրա Զոհրաբյանը տեղյակ է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շաբաթ օրը նման պատրաստակամություն է հայտնել, բայց ե՞րբ է հանրապետականների խոսքը գործ դարձել. «Եթե պատրաստ էին ընդառաջել ընդդիմությանը, ապա ընդդիմությունը առաջարկեց 100 տոկոս ընտրակարգի անցնելուն, որը փոքր հնարավորություն էր մեկ քաղաքական ուժի քաղաքական մոնոպոլիան զսպելու։Մերժեցին 100 տոկոս համամասնական ընտրակարգը»։ Նաիրա Զոհրաբյանը պատրաստ է ապրել եւ տեսնել, թե ինչպես է իշխանությունը կյանքի կոչում ընդդիմությանը վերահսկողական գործառույթներ տրամադրելու խոստումը. «Համենայնդեպս, առաջիկայում նման բան ընդդիմությանը չի սպառնում»։