Նիկոլը շնորհակալություն է հայտնում (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը. Ուղիղ երեք տարի առաջ ազատ արձակվեցի «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից: 2008 թվականի Մարտի 2-ից՝ մեկ տարի չորս ամիս անցկացրի ընդհատակում: Վերջերս հաշվեցի, որ ընդհատակյա այս կամ այն ժամանակահատվածում իմ տեղն իմացած մարդկանց հանրագումարը հասել է 60-ի: Սա հզորագույն հոգեւոր լիցք է ինձ համար՝ 60 հոգի, եւ ոչ մի տեղեկատվական արտահոսք: 60 մարդ, ում անվերապահ կարող եմ վստահել՝ նույնիսկ կյանքս: 2009 թվականի հուլիսի 1-ին դուրս եկա ընդհատակից, այցելեցի ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ եւ ձերբակալվեցի, ապա դատապարտվեցի 7 տարվա ազատազրկման: Մեկ տարի 11 ամիս անցկացրի անազատության մեջ եւ համաներմամբ ազատ արձակվեցի 2011 թվականի մայիսի 27-ին: Իմ վերադարձը տեւեց ուղիղ երեք տարի երեք ամիս: Այս ամենը շարադրում եմ մեկ նպատակով. ուզում եմ ասել՝ շնորհակալություն: Շնորհակալություն՝ ընդհատակի իմ պահապան հրեշտակներին: Շնորհակալություն նրանց, ովքեր պայքարել են հանուն իմ քաղբանտարկյալ ընկերների եւ իմ ազատության: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր զորակցել են, բոլոր նրանց՝ ում սիրտը ցավացել է: Շնորհակալություն իմ ընտանիքին, ում սերն ապրեցրել է ինձ՝ նույնիսկ ամենահուսահատ ժամերին: Եւ ուրեմն՝ Կեցցե՛ Ազատությունը, Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում: