Երեւանի պատմությունը` ամենահին լուսանկարչատանը (տեսանյութ)
Նախկինում հայտնի լուսանկարիչներն իրենց արվեստի գաղտնիքները թաքցնում էին բոլորից:
«Իսկ հիմա լուսանկարչությունը դարձել է ընդլայնված սպառման միջոց. ամեն մեկը կարող է ապարատը գցել վզին և համարել, թե ինքը լուսանկարիչ է»,- ասում է Երևանի ամենահին «Խանոյան» լուսանկարչատան այժմյան տերը` Արմեն Խանոյանը:
Նա թեև միշտ գերադասել է ժապավենային ֆոտոխցիկները, սակայն ստիպված է շարժվել ժամանակին համընթաց. հաճախորդներ չկորցնելու համար ձեռք է բերել թվային ֆոտոխցիկ, բայց դժգոհ է. «Սա թամբալի ապարատ է, ժամանակի հետ պետք է քայլել, բայց ցավն այն է, որ պրոֆեսիոնալիզմը կորչում է»:
«Խանոյան» լուսանկարչատունը հիմնադրել է Վանից գաղթած լուսանկարիչ Գաբրիել Խանոյանը 1930թ-ին: Մինչ այդ Երևանում եղել են «շրջիկ» լուսանկարիչներ, որոնք այգիներում շրջել են և լուսանկարել ցանկացողներին:
Արմենի հայրը` լուսանկարիչ Օնիկ Հարությունյանը, աշակերտել է իր քեռու Գաբրիել Խանոյանի մոտ: Այդ իսկ պատճառով հայրն ու որդին հայտնի են եղել որպես Խանոյան:
Լուսանկարչատունը երկար տարիներ գործել է Աբովյան 12 հասցեում, սակայն քաղաքի բարեկարգման պատճառով լուսանկարչատունը տեղափոխվել է Պուշկին փողոցի նորակառույց շենք:
Լուսանկարչատան մի անկյունում դրված է «Կոդակ» ֆիրմայի 2-րդ սերնդի` 180-ամյա ֆոտոապարատը, իսկ լուսանկարներով կարող ես ճամփորդել հին Երևանով. մի նկարում Կարաբալան է ծաղիկ վաճառում, մյուսում` այժմյան «Մոսկվա» կինոթատրոնի տեղում կանգնած Պողոս-Պետրոս եկեղեցին է, մեկ ուրիշում էլ Հանրապետության հրապարակի նախկին ժամացույցն է:
Ամենահին նկարներից այստեղ Ավետիք Իսահակյանի 1940թ. արված դիմանկարն է: Արմենի համար շատ հոգեհարազատ է Մարշալ Բաղրամյանի դիմանկարը: «Ես նրան պատկերացնում էի հաղթանդամ, բայց ներս մտավ միջին հասակի մի մարդ: Երբ հայրս ինձ ներկայացրեց, կարմրեցի: Բաղրամյանը նայեց ինձ ու ասաց. «Երևում է` լավ տղա է, միանգամից կարմրեց»»:
Բազում լուսանկարների մեջ Արմենի համար իր յուրահատուկ տեղն ունի 25 տարեկանում կատարած առանց հոր օգնությամբ առաջին լուսանկարը: Երիտասարդ աղջկա լուսանկարը դրված է աշխատասեղանին մյուս հայտնի և անհայտ լուսանկարների հետ: «Պարզապես հաճախորդ էր, անունը Քրիստինե»,- հիշում է Արմենը:
Արմենը, թեև դեռ չի գտել իր կյանքի ուղեկցին, բայց համոզված է, որ դեռ ամեն ինչ առջևում է. պարզապես չի գտնում կին լուսանկարիչ կամ գոնե արվեստի մարդ: «Կամուսնանամ, երեխաներ կունենամ, նրանք էլ կշարունակվեն իմ գործը»,- համոզված է 48-ամյա լուսանկարիչը, ով 21 տարի է` մենակ է աշխատում այստեղ: