Կարո Եղնուկյանի բողոքն ընդդեմ ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի մերժվել է
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ԱԻՄ անդամ, իրավաբան Կարո Եղնուկյանի բողոքն ընդդեմ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի և Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի՝ իրենց ղեկավարած համապատասխան կառույցների անգործության համար: «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ բողոքարկելու են դատարանի որոշումը Վերաքննիչ դատարանում: Այսօրվա նիստի մանրամասների հետ կապված Հայրապետյանն ասաց, որ դատարանը պատշաճ կերպով չի անդրադարձել իրենց կողմից բարձրացրած հարցերին, և կարծում է, որ դատարանը չէր կարող առանց հստակ պարզաբանում ստանալու այդպիսի որոշում կայացներ: «Ոստիկանության, ՀՀ ոստիկանապետի ներկայացուցիչն ասում էր՝ մեր օրենսդրությունն էնպիսին է, որ անձը չի կարող ծանոթանալ իր հետ կապված օպերատիվ տվյալներին, թեկուզ և այդպիսի օպերատիվ տվյալներ կան, մինչև քրեական գործով արդարացման դատավճիռ չկայացվի»,- նիստից դրվագ է ներկայացնում փաստաբանը: Հայրապետյանի կարծիքով՝ դրանից ստացվում է, որ ՀՀ-ում ցանկացած անձի կարող են գաղտնալսել, կարող են իրենց պատկանող գույքի մեջ գաղտնալսման սարքեր տեղադրել, հեռախոսային խոսակցությունները գաղտնալսել և հետո ապտեհ առիթ դեպքում առաջադրված մեղադրանքում օգտագործել: «Բնականաբար չի կարող էսպիսի օրենք գոյություն ունենալ ժողովրդավարական երկրում, բացի այդ՝ սա մարդու իրավունքների և ազատությունների կոպտորեն ոտնահարում է, եթե այսպիսի օրենքով պետք է առաջնորդվի դատարանը»,- ընդգծում է նա: 2014-15 թվականներին, ըստ փաստաբանի, Կարող Եղնուկյանի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսվել են անօրինական կերպով, չնայած դատարանը թույլատրել է գաղտնալսել, սակայն 2015 թվականին «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներ Գևորգ Սաֆարյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Պավել Մանուկյանին, Վարուժան Ավետիսյանին առաջադրված զանգվածային անկարգություն կազմապերպելու մեղադրական գործով Կարո Եղնուկյանը վկայի կարգավիճակ է ունեցել: Իսկ անձի հեռախոսային խոսակցությունը կարող է գաղտնալսվել, եթե կասկածվում է այնպիսի հանցագործության մեջ, որի համար խիստ պատիժ է նախատեսվում: «Այսինքն՝ Եղնուկյանը այս դեպքում որևէ բանում չէր մեղադրվում: Բացի նրանից, որ Եղնուկյանի հեռախոսը գաղտնալսել են, դրանից հետո գաղտնալսումները չեն ոչնչացվել: Երեք տարի պահել են ոստիկանությունում կամ որևէ այլ մարմնում, հարմար ժամանակ հարմար մարդկանց դեմ օգտագործելու համար»,- շեշտեց նա: Հիշեցնենք, որ Եղնուկյանի փաստաբանի խոսքով՝ խախտվել են ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով երաշխավորված անձնական և ընտանեկան կյանքը հարգելու, անձի հեռախոսային խոսակցությունների գաղտնիության, անձի խոսքի ազատության, անձի ազատ միավորումներ կազմելու, խտրականությունից զերծ լինելու իրավունքները: