Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարո Եղնուկյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության և ԱԱԾ-ի

Հասարակություն
exnukyan

«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության անդամ Կարո Եղնուկյանը 2018 թվականի դեկտեմբերի 24-ին հայտարարեց  ՀՀ ոստիկանությանը և Ազգային անվտանգության ծառայությանը դատի տալու մասին: Եղնուկյանի բողոքը ոստիկանության և ԱԱԾ-ի անգործության դեմ է ուղղված: Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում որոշ պարզաբանումներ տվեց դատի տալու պատճառների մասին:  Փաստաբանի փոխանցմամբ՝ իր պաշտպանյալը պահանջել է 2015 թվականից ի վեր գաղտնալսման հետևանքով ստացված տվյալներին ծանոթանալ: Ինչպես նաև Կարո Եղնուկյանը  դիմել էր, որ եթե գաղտնալսման սարքեր կան իր տանը, գան և վերացնեն, հավաստիացնեն, որ իր և իր հարազատների հեռախոսները չեն գաղտնալսվում։ «Պատասխան էր ստացել՝ Դուք իրավունք չունեք ծանոթանալու այդ նյութերին: Եվ միայն մի դեպքում եք կարող ծանոթանալ, եթե Ձեր նկատմամբ հարուցված քրեական գործով Դուք կարդարացվեք կամ գործը կկարճվի հանցակազմի բացակայության հիմքով»,- մանրամասնեց փաստաբանը: Եղնուկյանը, Հայրապետյանի խոսքով, 2015 թվականից սկսած դատավարական կարգավիճակ չի ունեցել: Իսկ 2015 թվականին «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներ Գևորգ Սաֆարյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Պավել Մանուկյանին, Վարուժան Ավետիսյանին առաջադրված զանգվածային անկարգություն կազմապերպելու մեղադրական գործով, ինչպես նաև «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավման գործով Կարո Եղնուկյանը վկայի կարգավիճակ է ունեցել, և այդ  ընթացքում իր բնակարանն էլ է գաղտնալսվել  ու խուզարկվել: Տիգրան Հայրապետյանը նշեց, որ խախտվել են ՀՀ Սահմանադրության, միջազգային պայմանագրերով երաշխավորված անձնական և ընտանեկան կյանքը հարգելու, անձի հեռախոսային խոսակցությունների գաղտնիության, անձի խոսքի ազատության, անձի ազատ միավորումներ կազմելու, խտրականությունից զերծ լինելու իրավունքները:  Դատական նիստը տեղի կունենա փետրվարի 18-ին  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: