Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ես ներկայացնում եմ Հայաստանը, բայց չեմ ներկայացնում Արցախը. Փաշինյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
pashinyan

ԵԱՏՄ նախագահությունը Հայաստանի կողմից ստանձնելու կապակցությամբ լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախի խնդրով Ալիևի հետ ունեցած հանդիպմանը. «Ես բարձրաձայնել եմ իմ հրապարակային հայտարարությունները և դիրքորոշումը: Ես ասել եմ, որ ներկայացնում եմ Հայաստանը, այլ ոչ Արցախը՝ այն պատճառով, որ Արցախի քաղաքացիները չեն մասնակցում Հայաստանի ընտրություններին և ինձ չեն ընտրել: Նրանք ունեն իրենց կառավարությունը, իրենց նախագահը: Ուստի ես չեմ կարող բանակցություններ վարել Արցախի անունից, ես կարող եմ բանակցություններ վարել Հայաստանի անունից»: Խոսելով Ալիեւի հետ պաշտոնական բանակցությունների ժամկետների մասին՝ Փաշինյանը նշել է, որ 2 երկրների ԱԳ նախարարները բանակցություններ են վարում, բայց առայժմ կոնկրետություն չկա: ՌԴ-ից մատակարարվող գազի սակագնի մասով ՀՀ վարչապետն ասել է. «Առայժմ խոսքն այն մասին է, որ մենք 2019թ. գազի սակագինը Հայաստանի սպառողների համար չբարձրանա:  Փաստացի սա նշանակում է, որ մենք մեկ տարի ժամանակ ունենք, որպեսզի շարունակենք կոնսուլտացիաները մեր գործընկերների հետ Ռուսաստանից, «Գազպրոմ»-ից և ընդհանրապես Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, որպեսզի լուծենք այս հարցը երկարաժամկետ առումով: Իհարկե, ավելի լավ կլինի, որ այս հարցը լուծվի ԵԱՏՄ շրջանակներում, որովհետև ես կարծում եմ, որ սա ավելի ճիշտ մոտեցում է, քանի որ մենք խոսում ենք ընդհանուր տնտեսական տարածքի մասին: Մենք կաշխատենք այս ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը հավելեց, որ ՌԴ-ից Հայաստանին մատակարարվող գազի սակագնի թանկացմամբ պայմանավորված Հայաստանի կառավարությունը ոչինչ չի սուբսիդավորելու, ամեն ինչ նույնն է մնալու՝ շեշտելով, որ պարզապես ժամանակ են ստանում գազի թեման ավելի մանրամասն քննարկելու համար: «Կոմերսանտ» թերթի  լրագրողի այն հարցին, թե Վենեսուելայում տեղի են ունենում բողոքի ցույցեր ընդդեմ նախագահի, արդյոք Վենեսուելայում տեղի ունեցողը ձեզ մոտ չի առաջացնում որոշ ասոցացիաներ այն հեղափոխության հետ, որի առաջնորդը դուք էիք, և ո՞ւմ եք դուք աջակցում, Փաշինյանը պատասխանեց. «Ոչ մի ասոցացիա փաստացի չի կարող լինել, ինչու՞, որովհետև բարեբախտաբար մենք չունեցանք  բախումներ և չենք ունեցել  զոհեր, իսկ Վենեսուելայում դժբախտաբար կան զոհեր: Ամբողջ գործընթացը, որը տեղի է ունեցել Հայաստանում, 100 տոկոսով համապատասխանում էր գործընթացին, որը նախատեսված էր Հայաստանի  օրենսդրությամբ, բայց այն ինչ կատարվում է Վենեսուելայում, անկեղծ ասած, առաջին հայացքից այդքան էլ հասկանալի չէ, թե ի՞նչ հարաբերություններ ունեն այդ իրադարձությունները  Վենեսուելայի օրենսդրության հետ: Եվ անկեղծ ասած՝ չեմ կարող այդ մասին  ասել, բայց առաջին տպավորությունն այն է, որ ամեն ինչ այդքան էլ չի գնում օրենսդրության  տրամաբանությամբ: Այս պահին Հայաստանը  այդ առիթով ոչ մի հայտարարություն չի արել և  շարունակում ենք հետևել զարգացմանը: Մենք  առաջին հերթին պետք է հասկանանք այդ իրադարձությունների հարաբերությունները Վենեսուելայի օրենսդրության հետ, բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ այստեղ առանցքային դեր պետք է խաղա Վենեսուելայի ժողովրդի դիրքորոշումը»: