Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը դեղարտադրողներին հանդիպելու ժամանակ չունի (տեսանյութ)

Հասարակություն
Degh-nkar

Դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը դիմելով Առողջապահության նախարարին հայտարարում է. «Նախարարության կազմում գործող փորձագիտական կենտրոնը մեկ տպած  ստվարաթուղթը տեղական արտադրողներին վաճառում է 900 000 դրամով»: Ըստ նրա՝ դա կոռուպցիոն երևույթ է, և նախարարը պետք է հետամուտ լինի: Սամվել Զաքարյանը նշեց, որ դեղերը գրանցելու համար պետական վճարը  կազմում է 900 000 դրամ: «Բայց 5 տարի հետո կրկին պետք է գրանցեն, եթե փոփոխելու կարիք չի լինում, միայն պետք է մեկ թուղթ տպեն և կնիք դնեն: Դրա համար նույնպես 900 000 դրամ են գանձում»: Դեռ երկուսուկես տարի առաջ նախագիծ է ներկայացվել, որ վերագրանցման գումարը իջեցնեն 250 000 դրամի: Բայց այն դեռևս չի հաստատվել: Այդ պահանջով Դեղարտադրողների և ներմուծողների միությունը նոր կառավարությանը դիմել է ամիսներ առաջ: Առողջապահության նախարարությունից խոստացել են շուտափույթ լուծում տալ: Բայց հարցը լուծում չի ստացել: Սամվել Զաքարյանը անդրադարձավ նաև դեղերին փակցվող դրոշմապիտակներին: Ըստ նրա դրա կարիքը չկա: Նախկին կառավարությունը 2014թ. դրա մասին նախագիծ է ընդունել, պատճառաբանելով, թե դրոշմապիտակների օգտագործումը  ստվերի կրճատման համար են դրել:  «Հայաստանը աշխարհում միակ երկիրն է, որտեղ դեղերին դրոշմապիտակ են փակցնում: 4 տարի է անցել, ՊԵԿ-ից պահանջում ենք, թե ինչքան է կրճատվել ստվերը,  ոչ մի տրամաբանական պատասխան չենք ստացել»: Սամվել Զաքարյանը հավելեց նաև, որ առողջապահության նախարարը խուսափում է միության անդամների հետ հանդիպել, քննարկել ոլորտի խնդիրները: Հարցին, թե ինչու՞ է խուսափում, Սամվել Զաքարյանը պատասխանեց.  «Չգիտեմ, բայց պաշտոնական նամակում գրված էր՝ խիստ զբաղված եմ»: