Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատական նիստերի ձգձգման պատճառով  անչափահասը դարձել է չափահաս. Արման Թաթոյան (տեսանյութ)

Հասարակություն
Arman-Tatoyan

Հայերեն թարգմանությամբ լույս է տեսել երեխաներին անազատության մեջ պահելու վայրերի մշտադիտարկման գործնական ուղեցույցը։ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ կարևորում է այս ուղեցույցը, քանի որ այն ուղղված է ազատության զրկման վայրերում երեխաների իրավունքների պաշտպանությանը։ «Այս ուղեցույցի պահանջները կարող են կիրառելի լինել այն բոլոր հաստատություններում մոնիտորինգներ անցկացնելիս, որտեղ երեխաները պահվում են ոչ դասական իմաստով ազատազրկման մեջ, այսինքն՝ մանկատներ և նմանատիպ այլ հաստատություններ»։ Նրա խոսքով՝ այսօր միջազգային իրավաբանությունը զարգանում է այն ուղղությամբ, որ այդ հաստատությունների նկատմամբ նույնպես կիրառելի լինեն խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի հիմնադրույթները։ Ուղեցույցում ներառված են նախապատրաստական աշխատանքներից սկսած մինչև մոնիտորինգային աշխատանքների ավարտը ներկայացնող գործընթացներ։ «Չափազանց կարևոր են առանձնազրույցները, ինչպես են անցկացվում առանձնազրույցներն անչափահասների հետ։ Այստեղ կարևոր է մշտապես ճիշտ կոնտակտ պահելը»։ Արման Թաթոյանը նշում է, որ Հայաստանում կան մի շարք համակարգային խնդիրներ, մասնավորապես՝ անչափահասների հետ կապված բավարար աշխատանքներ չեն տարվում զրկման վայրում։ «Դատական նիստերի շարունակ ձգձգման պատճառով 2-3 տարի մարդ կարող է մնալ անազատության մեջ, ավելին՝ անազատության վայրում դեպքեր են եղել, որ մարդ դառնում է չափահաս։ Այդ ընթացքում ոչ միայն բավարար աշխատանքներ չեն կատարվում նրա հետ, այլ նաև դատական նիստերի ձգձգման խնդիրը լուծելու համար պրակտիկան բավարար արդյունքներ չի արձանագրում»։