Գինեգործը, վարորդը եւ բանվորը կպայքարեն համայնքապետի պաշտոնի համար

«Երասխի գինու գործարան» ՓԲԸ-ի գլխավոր գինեգործ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արամ Մանուկյանը  ցանկանում է դառնալ  Արարատի մարզի Այգեզարդ համայնքի ղեկավար։ Պաշտոնի համար կպայքարի նաեւ  համայնքի ղեկավար Արթուր Մանուկյանը եւ անկուսակցական Վահագն Սարգսյանը։ Նա առաջադրվել է ԲՀԿ-ի կողմից։ 

Ընտրությունը տեղի է ունենալու հունիսի 10-ին։ Այդ օրը Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի թվով 19 համայնքներում տեղի են  ունենալու ՏԻՄ ընտրություններ։ Համայնքներից 8-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 7 համայնքում` միայն ավագանու անդամի, եւ  4 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ:

Լոռու  մարզի Անտառաշեն համայնքի ղեկավար,  անկուսակցական Ռաֆիկ Խառատյանը եւ համայնքի  վարորդ Սերգեյ Բիրյուկեվը կպայքարեն համայնքապետ դառնալու համար։

Արագածոտնի մարզի Դպրեվանք համայնքում էլ կպայքարեն անկուսակցական համայնքի ղեկավար Արամայիս Կասաբովը եւ «Պեկար կրեդո» ընկերության բանվոր Հովիկ Կոդաբաշյանը։