Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքական ծրագիրը շարունակում է գրոհել հայաստանյան հեռախոսները (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
getcontact

Չնայած զգուշացումներին՝ օգտատերերը շարունակում են ներբեռնել և օգտվել թուրքական արտադրության «Get contact» հեռախոսային ծրագրից։   Այսկերպ նրանք վտանգում ոչ միայն իրենց, այլ նաև՝ իրենց մոտ ամրագրված հեռախոսահամարների տերերի անձնական տվյալները:  «Այդ ծրագիրը մեծ վտանգ է ներկայացնում, որովհետև յուրաքանչյուր անձ, դա  ներբեռնելով  իր android և ios հեռախոսում՝ իր կոնտակտներն ավտոմատ ձևի վերցնում է «Get contact» -ի բազան: Այսինքն, եթե ես այդ կայքի բազայում չկամ, բայց իմ ընկերը կամ բարեկամը  այդ ծրագիրը քաշի՝ ավտոմատ իմ հեռախոսահամարն էլ է ընդգրկում։ Եթե հեռախոսահամարը լինի, շատ հեշտությամբ կարող են իմանալ հեռախոսի ip կոդը և գաղտնալսել հեռախոսը, վերցնել հեռախոսի ծրագրերը, լինի նկար և այլն»,-  ասում է անվտանգության փորձագետ Վահան Ազիբեկյանը: 2017 թվականի դեկտեմբերի 10-ին Հայաստանի արդարադատության նախարարությունը զգուշացրել է այս ծրագրի բացասական հետևանքների մասին, բայց զգուշացումից հետո էլ  ներբեռնումները չեն պակասել։ Ոմանք ծրագիր սկսել են ներբեռնել հետաքրքրության համար, ոմանք էլ՝ զվարճանքի։ «Աղջիկները, օրինակ, գրում են համարը և ասում. «Վայ տեսեք, մեկը ինձ գրանցել է «Պուպուշ», իմանամ դա ով է: Տղաները ուզում են իմանալ, թե ով ում ինչ ածականով է գրանցել: Նրանք այս ծրագրի լրջությունը չեն գիտակցում»,- ասում է Վահան Ազիբեկյանը: Ծրագիրը հեշտ է ներբեռնել, հնարավոր է նաև հեռացնել հեռախոսահամարը, ինչի համար պետք է մուտք գործել համապատասխան կայքէջ, սակայն տեղեկավական արտահոսքը կանխել այլևս հնարավոր չէ։ «Քանի որ ծրագիրը նստել է հեռախոսի մեջ, բնականաբար հեռախոսահամարը ամրագրվել է նրանց բազայում։ Նրանք հաղորդագրություն կստանան եթե դու հեռացնես համարդ: Բայց, ոնց նայում ես, կոնտակտը մնում է իրենց մոտ», - նշում է անվտանգության փորձագետը: Հայաստանյան օգտատերերի մի մասը, ով տեղյակ է ծրագրի վնասակարության մասին, հեռացնում են այն հեռախոսից, ոմանք էլ, գտնելով, որ այն  վտանգավոր չէ՝ պահպանում են զուտ հետաքրքրության համար: Միաժամանակ, ոչ բոլորը գիտեն, թե ինչպես է հնարավոր  հեռացնել սեփական հեռախոսահամարը «Get contact»-ի բազայից: Ծրագիրը  ներբեռնել են ավելի քան 5 միլիոն մարդ և արդեն մեծ դժգոհության ալիք է բարձրացրել ԱՊՀ և եվրոպական շատ երկրներում: Միջոցներ են ձեռնարկվում դրա տարածումը կասեցնելու ուղղությամբ: Մասնավորապես՝ այն պատրաստում են արգելել Ռուսաստանում,   արդեն արգելված է  Ադրբեջանում և Ղազախստանում: Նյութի հեղինակ՝ Բագրատ Մովսեսյան