Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Օրինագծում ավելացել է շատ վտանգավոր մի կետ». Անահիտ Բախշյան

Կարևոր լուրեր Հասարակություն
Anahit-Bakhshyan

«Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծն Ազգային Ժողովից հետ է ուղարկվել Կառավարություն՝ լրամշակումներ իրականացնելու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը և Ամերիկյան համալսարանի դասախոս Արևիկ Անափիոսյանը հայտնեցին, որ սա անսպասելի չէր, քանի որ օրենքի նախագծում կարևոր բացթողումներ կան: «Քննարկվեց մի տարբերակ, սակայն Կառավարություն գնաց մեկ այլ տարբերակ: Կառավարություն գնացած տարբերակի մեջ ավելացել է մի շատ վտանգավոր կետ: Ըստ դրա՝ ԲՈՒՀ-ի կառավարման խորհրդի կազմը պիտի հաստատվի վարչապետի կողմից»,- նշեց Անահիտ Բախշյանը: Ըստ փորձագետի՝ այս նախագծով չի լուծվի ԲՈՒՀ-երի ապաքաղաքականացման խնդիրը: «Ակնհայտ է, որ ամեն ինչ կենտրոնացվում է վարչապետի շուրջ, դառնում է սուպերվարչապետական կառավարման համակարգ»: Դասախոս Արևիկ Անափիոսյանն էլ կարծիք հայտնեց, որ նախագիծը պետք է միտված լիներ դասախոսի դերի բարձրացմանը: «Դասախոսները շատ մարգինալացված են: Նրանց կարծիքը երբեք հաշվի չեն առնում կարևոր քննարկումների ժամանակ: Գոյություն ունի ակադեմիական ազատության խնդիր, բայց դասախոսական համայնքը չի էլ գիտակցում, որ նման խնդիր կա»: Փորձագետները, սակայն, հավելեցին, որ օրենքի նախագիծն իրականում հետ է կանչվել ավելի աննշան բացթողումների պատճառով: