Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եվ-և»-ի քաղաքականությունն ինչո՞ւ հիմա աշխատեց. Վահագն Խաչատրյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Vahagn-Khachatryan-nkar

Այս տարվա նոյեմբերին Բրյուսելում ստորագրվելիք Հայաստան և Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը գալիս է փաստելու մեկ բան՝ Հայաստանի իշխանության հայտարարած «և-և»-ի քաղաքականությունը աշխատեց։ Ինչը ենթադրում է հավասար գործընկերային հարաբերություն թե Ռուսաստանի, թե Եվրամիության հետ։ Այս տեսակետը պնդող Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի մոտ հարց է առաջանում՝ այդ դեպքում 2013-ին ինչը հետ պահեց Եվրամիության պաշտոնյաներին Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը Հայաստանի հետ ստորագրելուց. «Ես չգիտեմ՝ ինչո՞ւ էին Եվրամիության պաշտոնյաները կամ-կամ ասում, ինչու և-և չէին ասում 5 տարի առաջ։ Ի՞նչ եղավ, և-և եղավ չէ՞»։ Հայաստանը գտնվում է բացառիկ կարգավիճակում. անդամակցելով Ռուսաստանի գլխավորած ԵՏՄ-ին՝ խորացնում է կապը Եվրամիության հետ։ Թեև այդ բլոկները հակադիր են։ ԵՄ-ի հետ Համաձայնագրի ստորագրումից հետո մեր երկրին բարդ ընթացք է սպասում՝ հարթելու առաջացած տնտեսական խութերը։  «Վտանգավոր բաներ ես տեսնում եմ. ես չգիտեմ՝ դա ոնց է իրար հետ աշխատելու։ Ներկրվող ապրանքների նկատմամբ լրացուցիչ մաքսադրույքաչափեր չդնել՝ երկրում արտադրվող ապրանքներին առավելություն տալու առումով։ Հիմա երրորդ երկրների նկատմամբ կիրառվելու է լրացուցիչ դրույքաչափեր, ո՞նց է հարցը լուծվելու, էդտեղ պրոբլեմ եմ տեսնում, բայց կարծում եմ՝ լուծում կլինի»,- կարծում է տնտեսագետը։ Համաձայնագրով Եվրամիությունն ամբողջովին բացում է իր շուկան Հայաստանի առաջ։ Նաև՝ օգնում է տնտեսությունը դարձնել մոտ եվրոպական ստանդարտների՝ իր շուկայում մրցունակ լինելու համար. «Ստորագրելը Հայաստանի հետագա ժողովրդավարացմանը նպաստող հանգամանք կարող է լինել։ Իշխանության հակաժողովրդավարական ձգտումներին զսպող շապիկ կլինի»,- ասում է Վահագն Խաչատրյանը։ Լինել աղքատ պետություն՝ դա դեռ չի նշանակում լինել դատապարտված չզարգանալու։ Եվրոպական ապրանքների հետ մրցակցելիս Հայաստանը այս կարգավիճակը պետք է դարձնի իր առավելությունը, ինչը բիզնեսից ու կառավարությունից լուրջ ջանքեր է ենթադրում։ «Ցածր աշխատավարձը, ցածր ծախսերը, ենթակառուցվածքների ցածր ծախսերը պիտի մեր բիզնեսին հնարավորություն տան իրենց ապրանքներով ու ծառայություններով մրցունակ լինել Եվրոպայի հետ։ Բայց ես անհանգստանում եմ, որ մեզ կարող է այնպիսի չափորոշիչներ պարտադրվեն կամ սահմանվեն, որոնք լրացուցիչ ծախսեր են պահանջում և կբերեն նրանք մեր այսօրվա մրցակցային առավելության կորստի»։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսության հիմնասյունը մեծամասամբ օլիգարխիկ բիզնեսն է, որը վայելում է իշխանության հովանավորությունը և արտոնյալ է մյուսների համեմատ։ Խորքային և իրական բարեփոխումները նրանց անօրինական դաշտում լավ օրեր չեն բերի։ «Քաղաքական կամք ունենալու դեպքում բոլորն էլ կարող են օրենքով աշխատել։ Եվրամիությունը շատ լավ հասկանում է դա և ինչ-որ քայլերով պիտի պարտադրի»,- ասում է տնտեսագետը։ Եթե Հայաստանը ԵՄ-ի հետ հարաբերություններում արդյունավետության սկզբունքներով չառաջնորդվի, կարող է կորցնել ոչ միայն ԵՄ-ի ֆինանսատնտեսական աջակցությունը, այլև վերջնականապես ժողովրդավարանալու երկար փայփայված հույսերը։