Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրական օրացույց. 11 օր առաջ. Հանրապետականի տղաները հարձակվում են լրագրողի վրա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
YNTRAKAN-ORACUYC

2009-ի ավագանու ընտրությունները կոալիցիոն ոխերիմ գործընկեր է դարձրել Հանրապետականին եւ Բարգավաճ Հայաստանին: Ժամանակ առ ժամանակ մայրաքաղաքի տարբեր մասերում լսվում են այս երկու կուսակցությունների փոխադարձ հարձակումների մասին: Ավագանու ընտրություններին մասնակցող Դաշնակցությունը գիտի պատճառը. «Բոլորը հասկանում են, չէ՞, վերջապես, որ քանի ավագանի որ ուժը կունենա, էդքան էլ, ասենք, գարաժ կարա բաժանի: Հասկանու՞մ եք: Այսինքն, կան քաղաքական ուժեր, որոնք գնում են Երեւանը ղեկավարելու այդ մտադրությամբ՝ գարաժներ բաժանելու, տարածքներ»: Հանրապետականում քարոզչական հովվերգությունը շարունակվում է. «Ես երեւանցի տղա եմ»: Գագիկ Բեգլարյանի քարոզարշավին միացած դուդուկահար Ջիվան Գասպարյանը մեծ հույսեր է կապում իր թեկնածուի ճաշակի հետ: Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը մտածում է, որ հենց Բեգլարյանը կարող է լինել Երեւանի նման բարդ քաղաքի քաղաքապետը եւ խմբավարը. «Ես կարծում եմ, որ Գագիկ Բեգլարյանին հաջողվելու է գտնել կապը մեր եւ մեր քաղաքի հոգու միջեւ»: Մշակույթի ապագա նախարարը Բեգլարյանից ակնկալում է, որ քաղաքին կարող է վերադարձնել իր հմայքը. «Աշխատելու է, որպեսզի մենք ապրենք լուսավոր, բարեկարգ, կանաչապատ, գեղեցիկ մեր երազած Երեւանում: Իմ շատ հարազատներ եւ ընկերներ այսօր կկանգնենք մի մարդու կողքին, ով բազմիցս մեր կողքին է եղել, այսինքն, մշակույթի, արվեստի եւ երբեւէ չենք զգացել նրա պաշտոնը»: Ի տարբերություն Հանրապետականի, Հայ Ազգային Կոնգրեսը չի ուզում անձնավորել ավագանու ընտրությունները: Լեւոն Տեր-Պետրոսյանն իր կողմնակիցներին այդպես էլ ասում է՝ դուք ինձ չեք ընտրելու, այլ՝ թիմին. «Գնում է պայքար Հայաստանի լճացումը պահպանելու, Հայաստանի թալանը շարունակելու եւ Հայաստանը վերափոխելու միջեւ»: Խորհրդարանում փոքրիկ սկանդալ է հասունանում՝ գործարար պատգամավորները դժգոհ են կառավարության առաջարկած օրինագծից, ըստ որի հարկային տեսուչներն այսուհետեւ հնարավորություն ունեն ցանկացած պահի առանց նախազգուշացման ստուգել խոշոր տնտեսվարողների գործունեությունը. «Ուրեմն, մենք պտի ճանաչվենք որպես ավազակ: Հարցերը թաքցնում են, մի հատ էլ կանտրոլ են դնում իրանց գլխին»: Ավագանու ընտրություններից 11 օր առաջ Հայ Ազգային Կոնգրեսին հասցվում է հերթական հարվածը՝ վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողնում Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակից Գագիկ Ջհանգիրյանի դատավճիռը: Վերջինս 3 տարի ազատազրկման էր դատապարտվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Ավագանու քարոզարշավի մասնակից Հայաստանի սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը ընտրություններում իր հավասար մրցակից է համարում Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանին: Շահվերդյանի խոսքերով ընտրողները միայն իրենց եւ Ժողովրդական կուսակցությանը պետք է վստահեն: Մնացած կուսակցություններին, ըստ նրա, պետք է գնահատել իրենց գործերով, քանի որ արդեն եղել են իշխանության: Քարոզարշավի այս օրը «Օրինաց երկիրն» Կենտրոն համայնքի իր ընտրողներին հանդիպում է դահլիճային պայմաններում: Արթուր Բաղդասարյանն այս հանդիպմանը ներկա չէ: Կուսակցության քաղաքապետի թեկնածու Հեղինե Բիշարյանը ժողովրդին խոստանում է բռնել բազմահարկ սուպերմարկետներ կառուցողների ձեռքը: «Երեւանին կնոջ ձեռք է պետք, ինչպես այն պետք է յուրաքանչյուր օջախի»,-ասում է տիկին Բիշարյանը:  2013-ի քարոզարշավին նույնպես պարապ չէին Հանրապետականի տղաները: Այս անգամ նրանցից մեկը՝ այս երիտասարդը, հարձակվել էր ընդդիմադիր լրագրողի վրա եւ հարվածել դեմքին : Երեւանի ավագանու Հանրապետական անդամին եւ նրա ընկերներին դուր չէր եկել, որ Հակոբ Կարապետյանը նկարահանում է հսկա աղբակույտի հարեւանությամբ «Ապահով Երեւան» քարոզող Հանրապետականներին: Հարձակվում են ոստիկանի ներկայությամբ: Լրագրողի հանդեպ բռնությունը հրաժարվում է դատապարտել ավագանու Հանրապետական խմբակցության անդամ Լեւոն Իգիթյանը. «Դուք ժուռնալիստներդ, անընդհատ կռիվ եք ման գալիս, քաշքշոց, բարդություններ»: Կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանը արվեստագետ Լեւոն Իգիթյանի այսպիսի վերաբերմունքը բռնության հանդեպ բացատրում է նրանով, որ նա եկել է արվեստից խոսելու, իսկ նրան բռնությունից են հարցնում: Իսկ լրագրողի հանդեպ բռնացող Երեւանի ավագանու անդամ Հանրապետականին Դովլաթյանը լավ գիտի՝ տղամարդ է։  2013-ի ավագանու քարոզարշավի այս օրը համընկնում է Մեծ եղեռնի զոհերի հիշատակի 98-ամյակին: «Ժառանգության» առաջնորդը իր կողմնակիցներին առաջնորդում է Ծիծեռնակաբերդ: Հընթացս ասում է, որ դեմ չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, բաց սահմաններին: «Բարեւ Երեւանի» օգտին քարոզչական ոչ մի խոսք: Հայ Ազգային Կոնգրեսը նույնպես այս օրը քարոզչություն անելու տրամադրություն չունի: Կոնգրեսի անդամները Սարյանի պուրակից երթով բարձրանում են Ծիծեռնակաբերդ, որտեղ նրանց հետ լրագրողների թեման միայն Թուրքիայում Ցեղասպանության ճանաչման ճանապարհներն են։