ԱՄՆ դեսպանատունը Մոսկվայում ահաբեկչության հնարավոր սպառնալիքի մասին է նախազգուշացրել
Աջակցիր «Ա1+»-ինՄոսկվայում ԱՄՆ դեսպանատանը հայտնի է դարձել Ռուսաստանի մայրաքաղաքի «Ցարիցինո» թանգարան-արգելոցի տարածքում 2026 թվականի հոկտեմբերի 31-ին հնարավոր միջադեպի հավաստի սպառնալիքի մասին, որը կարող է հանգեցնել բազմաթիվ զոհերի։ Այս մասին նշված է դեսպանատան տարածած անվտանգության նախազգուշացման մեջ։
Նախազգուշացման մեջ նշված է նաև թանգարան-արգելոցի հասցեն՝ Ռուսաստանի Դաշնություն, Մոսկվա, Դոլսկայա փողոց, 1-ին շենք, 115569։
Դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ կառավարությունը արձագանքման միջոցառումները համակարգում է Ռուսաստանի Դաշնության համապատասխան պետական մարմինների հետ։
Դեսպանատունը հորդորել է հոկտեմբերի 31-ին խուսափել «Ցարիցինո» թանգարան-արգելոց այցելելուց և չմոտենալ նշված տարածքին։ Քաղաքացիներին խորհուրդ է տրվել զգոն լինել, խուսափել մարդկանց զանգվածային կուտակումների վայրերից և հետևել շրջակա իրավիճակին։
Նախազգուշացման մեջ նաև նշվում է, որ անհրաժեշտ է վերանայել անձնական անվտանգության ապահովման ծրագիրը, արտակարգ իրավիճակի դեպքում հեռախոսից օգտվելու համար այն լիցքավորված պահել, ինչպես նաև անձը հաստատող փաստաթղթեր ունենալ մոտը։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դեսպանատունը խորհուրդ է տվել հետևել տեղական լրատվամիջոցների հաղորդագրություններին։