Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարիթաղցիները նստացույց են սկսել դատախազության դիմաց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sari-tax-nstacuyc

Սարի թաղի դեպքերով կալանավորվածների հարազատներն այսօր դատախազության դիմաց նստացույց սկսեցին: «Արդեն ծայրահեղ վիճակ է, իմ ամուսինը 4 օր է՝ հացադուլի մեջ է, նույնիսկ ճնշման դեղը ինչ է, նրան  չեն տալիս: Ասում են՝ դու հացադուլի մեջ ես, մենք իրավունք չունենք»,- ասաց Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բեռնեցյանը: Իսկ Հրաչյա Բոյաջյանի տատիկը՝ Աղավնի Ժամկոչյանն  էլ ավելացնում է՝ ինը ամիս է, որ հստակ պատասխան չեն կարողանում ստանալ: «Մենք ուզում ենք, մեր տղաներին ազատեն, ուրիշ ոչ մի բան չենք ուզում: 3 ամիս էր ամուսնացած, որ իրեն ձերբակալել են անհիմն տեղը»։ Սարի թաղի 10 բնակիչներ  մեղադրվում են  իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր  բռնություն գործադրելու համար: Հարազատները պնդում են՝  ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին նրանք ընդամենը պահանջել են, որ իրենց հոսանքն ու ջուրը միացնեն, բացեն փակ ճանապարհները։ «Չկա կոնկրետացված մեղք՝ ով ինչ է արել: Ես կարող եմ այնքան փաստեր բերել: Վերջիվերջո սա Աստվածաշունչը չէ, որ ասում է աստծո ճանապարհները անհայտ են մարդու համար: Սա  սովորական դատախազություն է, որ մեր հարցերին պետք է հստակ պատասխան տան: Չկան պատասխաններ, բայց կան ինը ամսվա կալանավորներ: Փոքր քաղաքում՝  մի թաղամասից 10 կալանավոր»,- ավելացնում է կալանավորված Հարություն Թորոսյանի եղբայրը՝  Թորոս Թորոսյանը:  Սարի թաղի 10 կալանավորված անձինք «Ազատություն եւ հայրենիք» հիմնադրամի շահառուներ են: Ընտանիքները գտնվում են սոցիալապես ծանր վիճակում: «Եթե այս պահին էլ իրենք գալիս են, այստեղ նստացույց են անում, երեխաների հացի խնդիր էլ է լրջագույնս առաջանում, քանի որ հիմա  կանայք են աշխատում, որ ընտանիքները պահեն»,- նշում է հիմնադրամի գործադիր տնօրեն Անի Կաղինյանը:   Սարիթաղցիները պատրաստվում են իրենց նստացույցը շարունակել այնքան ժամանակ, մինչեւ հարցը դրական լուծում ստանա: