Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դաշինքը խնդիր է դրել հաղթել ընտրություններում» (տեսանյութ)

Քաղաքականություն
a87668ec8293aaf9ede521f35cc21f4b

Հայաստանի քաղաքական համակարգն է  ստիպում  կուսակցություններին միավորվել դաշինքների կազմում։ Իշխանության հետ հավասարի պես մրցելու ավելի արդյունավետ մեխանիզմ դեռևս չի գործում։ «Այսօրվա միավորման սկզբունքը համակարգ փոխելն է։ Այդ համակարգի գլխավոր էլեմենտները բոլորին հայտնի են՝ դա մենաշնորհն է, դա օլիգարխիան է, դա կոռուպցիան է։ Այս պայմաններում խոսել գաղափարական ծրագրերի մասին, անհեթեթություն է»,֊ «Ա1+»֊ի հետ զրույցում ասում է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ Դեմկուսի հավանական դաշնակիցներն են «Համախմբում», «Ժառանգություն»,«Երրորդ Հանրապետություն» կուսակցությունները, նաև՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Այս ուժերն իրենց առջև խնդիր են դրել հաղթել 2017-ի խորհրդարանական ընտրություններում։ Արամ Սարգսյանը նշում է. «Եթե նպատակ չի դրվելու ընտրություններում հաղթելու, ապա բոլոր այս գործողություններն անիմաստ են»։ Չեն բացառում այս ընտրություններին  եւս ընտրակաշառքի բաժանումը։  Իրենք գնալու են տոտալ վերահսկողություն սահմանելու ճանապարհով։ Կարիք կա նաև քաղաքացիների հետ աշխատելու։ «Մարդկանց 70%-ն իրեն համարում է աղքատ և սա ամենամեծ գայթակղությունն է որ ժողովուրդն էլի կարող է փող վերցնել և ձայն տալ իրեն փող տվողներին, այսինքն՝ գնվի։  Եթե դուք 10-20 հազարով կբավարարվեք, ուրեմն վաղը էլի նորից լինելու եք ծայրաստիճան աղքատ»։ Արամ Սարգսյանի պնդմամբ՝ քաղաքական հեռուստագովազդի գները ևս խնդիր է։ «Ո՞վ է տեսել, որ 100 000 դրամ լինի մեկ րոպեն։ Դրանով ուզում են ավելի բարդացնել իրավիճակը։ Այս պայմաններում մենք պետք է կենտրոնացնենք մեր միջոցները, որպեսզի կարողանանք այդ քարոզչությունն իրականացնել»։ Սեյրան Օհանյանի և Վարդան Օսկանյանի հետ դաշինք կազմելուն ընդդիմացող կա «Ժառանգություն» կուսակցությունում։ Պատգամավոր Զարուհի Փոստանջյանն է պնդում նրանց հետ ճանապարհ չգնալու տարբերակի վրա։ Կուսակցության մեկ այլ անդամ՝ Հովսեփ Խուրշուդյանն, ով հակառակ տեսակետն ունի, լուծումը տեսնում է կուսակցության ներսում քննարկումներով։ «Ամեն մեկն ունի իր դիրքորոշումը, իհարկե տարամետ մոտեցումներ կան, որոնք քննարկումների ընթացքում մենք հուսով ենք կհարթվեն։ Դրա համար էլ քաղաքական պրոցեսը կա։ Մարդիկ ունեն սկզբունքներ, գաղափարներ։ Ոչ մեկին մեղադրելու էլ չէ, երբ ասում է էս էս էս բաները պիտի լինի նոր ինչ որ բանի գնանք։ Մենք պետք է փորձենք համագործակցաբար քննարկումների միջոցով քաղաքական պրոցեսի շնորհիվ հասունացնել այն պահը, երբ բոլորը կհասկանան, որ վերջ, իրոք պետք է միավորվել և էս հարցը լուծել մեկընդմիշտ»։ Իսկ ինչ անուն կունենա այս ուժերի դաշինքը, և կոնկրետ  որ կուսակցությունները կանդամակցեն,  հայտնի կդառնա մոտ ապագայում։