Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նոր Հայաստան»-ի անդամի տանը զենք են փնտրել

Քաղաքականություն
gagik-exiazaryan

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գագիկ Եղիազարյանին պատկանող տանն  այսօր  փնտրում էին զենք, զինամթերք, քարտեզներ եւ սխեմաներ: Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ակտիվիստը, իրենց ներկայացվել է խուզարկության մասին որոշումը՝ մայիսի 20-ին տեղի ունեցած ավտովթարի գործով ապացույցներ ձեռք բերելու համար,  եւ բացի իր տնից, խուզարկվել է նաեւ հորեղբոր տունը եւ չգործող արտադրամասը: «Սակայն ոչինչ չգտան: Ես զարմանում եմ՝ Ժիրայր Սեֆիլյանը 1000-ից ավելի ընկերներ եւ համակիրներ ունի, ուրեմն՝ բոլորի տներն էլ պետք է խուզարկե՞ն»,- նշում է Գագիկ Եղիազարյանը: Նա այսօր նաեւ հարցաքննության է կանչվել Հատուկ Քննչական ծառայություն: «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն այսօր հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ աջակիցների բնակարաններում խուզարկություններ են կատարվում: «Վարչախումբը, տեսնելով, որ չի կարողանում հիմնավորել Ժիրայր Սէֆիլյանի մեղադրանքը և ապօրինի կալանավորումը, փորձում է նրա աջակիցներին և ընկերներին ահաբեկել իրավական բռնությունների միջոցով, ինչպես նաև այդ կերպով մյուսներին հեռու պահել պայքարից»: Հիշեցնենք, որ հունիսի 20-ին   ձերբակալվել է Ժիրայր Սեֆիլյանը:   ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ մի խումբ անձանց հետ նա ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: