Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏԿԱԻՆ-ն արգելում է գնել պարսկական վառարաններ (տեսանյութ)

Հասարակություն
TKAIN

Տարեմուտին տոնական տրամադրությունը չփչացնելու համար պետք է խիստ պահպանել անվտանգության կանոնները: Այս մասին դարձյալ հիշեցնում են Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից: «Աշխարհի տարբեր երկրներում տարբեր տեսակի հրավառություններից խոշոր հրդեհներ են լինում՝ բազմաթիվ մարդկային զոհերով: Օրինակ, Միացյալ նահանգներում նախորդ տարի 11.000 մարդ է հրավառությունից տուժել»,-նշեց ՏԿԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը: Վերջին տարիներին մարդկային զոհ հրավառության արդյունքում մեր երկրում չի արձանագրվել: Սակայն տարեկան միջինում 4-5 վնասվածքի դեպք է լինում: «Այս տարվա ընթացքում 5-6 դեպք ենք ունեցել»,-շեշտեց պարոն Հայրապետյանը: Վերջին տարիներին ավելի քիչ, բայց շարունակվում է տարբեր ճայթուկների, հրավառությունների վաճառքը. «Դրանք շատ հաճախ ունեն կասկածելի տեսք, կասկածելի ծագում: Եթե գնում եք, ապա խորհուրդ կտամ գնեք լիցենզավորված խանութներից: Այդ ճայթուկների վրա անհասկանալի նշագրումներ են արված, բայց պետք է ունենան պարտադիր հայերեն նշագրում: Այնտեղ պետք է նշված լինի՝ օգտագործման մասին, նաև՝ ինչ անել, եթե չի պայթում: Իսկ եթե հայերեն նշագրում չկա, կարող եք տհաճ անակնկալների հանդիպել. օրինակ, այդ ճայթուկը պայթի ձեռքում»,-ասաց ՏԿԱԻՆ աշխատակիցը: Երևանում հրավառությունից դեպքեր հիմնականում արձանագրվում են ռեստորանների տարածքներում. «Երբ հրավառություն են իրականացրել, չոր խոտի վրա այրված մնացորդները թափվել են, բռնկումներ են եղել: Իսկ գյուղական բնակավայրերում՝ Լոռիում, Տավուշում երեխաները խաղացել են, և այրել խոտի դեզը»,-եղած դեպքերը հիշում է պարոն Հայրապետյանը: Նա նաև բնակիչներին հորդորեց ուշադիր լինել տանը՝ գազի վառարանների դեպքում: «Մարդկանց ասում ենք՝ չգնեք պարսկական վառարաններ, գնում են, հետո էլ շմոլ գազից մահանում»: Ուշադիր պետք է լինել նաև տոնածառը զարդարելիս. չօգտագործել թղթյա կամ այլ հրդեհավտանգ իրեր: