Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամեն շաբաթ 1 մլն եվրո գումար եմ ստորագրում Հայաստանի համար. ԵՄ դեսպան

Քաղաքականություն
em-2

«Եվրոպական միությունում կան երկրներ, որոնք ընդհանրապես Սահմանադրություն չունեն, բայց երջանիկ են եւ հզոր ժողովրդավար համակարգի տեր». այս մասին այսօր «ԵՄ մոդել 2015» երիտասարդական համաժողովի ընթացքում, անդրադառնալով ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: Նա նշեց, որ դա ԵՄ-ի գործը չէ, այլ հայաստանցիների: «Հայ ժողովուրդն ինքը պետք է որոշի, թե ինչ կառավարման համակարգով երկիր է ցանկանում ունենալ: Նրանք պետք է ազատ լինեն՝ ասել ոչ կամ այո: Թե ինչ կբերեն սահմանադրական փոփոխությունները Հայաստանին, եկեք խոսենք հաջորդ տարի՝ դեկտեմբերի 6-ի հանրաքվեից հետո»,-ասաց Սվիտալսկին: ԵՄ պատվիրակության հայաստանյան ղեկավարն իր խոսքում նշեց, որ 99 տոկոս հավանականությամբ դեկտեմբեր ամսից Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ բանակցություններ կսկսվեն, որոնք նոր համաձայնագրի հնարավորություն կտան: «Ես հույս ունեմ, որ 2016 թվականի ավարտին մենք կունենանք Հայաստանի հետ նոր համաձայնագիր, որը քաղաքական առումով նույնպես կարեւոր կլինի Հայաստանի համար: Հայաստանի համար դրական կլինի ցույց տալ, որ գործընկերներ ունի նաեւ այլ երկրներում»,-ասաց նա՝ հավելելով, որ հայկական ապրանքները եվրոպական շուկա մուտք կունենան այնքան, քանի դեռ Հայաստանը հավատարիմ է ժողովրդավարության եւ մարդու իրավունքների սկզբունքներին: Պյոտր Սվիտալսկին նշեց, որ թեեւ Հայաստանը չմիացավ ԵՄ ասոցացման համաձայնագրին, բայց ԵՄ-ը հարգում է այդ որոշումը: «ԵՄ-ը Հայաստանի համար գումար էր տրամադրել ասոցացման համաձայնագրի հետ կապված, որի մի մասը կարող է շարունակել օգտագործել անգամ առանց ասոցացման համաձայնագրի: ԵՄ-ը խոշոր դոնոր է Հայաստանի համար: Ես ամեն շաբաթ 1 միլիոն եվրո գումար եմ ստորագրում Հայաստանի ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական կառույցների համար»,-եզրափակեց նա: