«Հատուկ պահպանության տարածքներից կտրում, տալիս են հանքերին» (տեսանյութ)
Ներկայումս մեր երկրում 155 անողնաշարավոր և 153 ողնաշարավոր վայրի կենդանիներ գրանցված են Կարմիր գրքում։ Մասնագետների խոսքով՝ թեև վերջին մի քանի տարում որսագողությունը փոքր-ինչ քչացել է, սակայն հիմա էլ կենդանիների գոյությանը սպառնում է հանքարդյունաբերությունը։ «Մենք դեմ չենք հանքարդյունաբերությանը, հասկանում ենք, որ երկիրը պետք է նաև դրանով զարգանա։ Պարզապես ամեն ինչ պետք է խելամիտ անել։ Մենք պետք է այսօր գնահատենք. արդյո՞ք հանքարդյունաբերությունն այդ օգուտները կբերի տարիներ հետո, թե այդ կենսաբազմազանությունն ինքն իրենով ավելի թանկ արժի։ Կենդանիները, կարելի է ասել, արդեն տեղ չունեն գնալու։ Ժամանակին Սևանա լճի մակարդակն իջեցրին, իսկ հիմա մենք որքան գումար ենք ծախսում՝ բարձրացնելու վրա։ Այս մոտեցումը պետք է հաշվի առնել»,-ասաց Բնապահպանության նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը։ «Նույնիսկ հատուկ պահպանության տարածքներից են կտրում, տալիս հանքերին»,-նշեց Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը։ Վերջին շրջանում 80.000 հեկտարով ավելացել են կենդանիների համար պահպանվող տարածքները։ Սակայն, մասնագետների գնահատմամբ, եթե անխիղճ վերաբերմունք լինի, միևնույն է՝ այս դրական տեղաշարժն օգուտ չի տա։ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրենը նաև հայտնեց, որ Idea հիմնադրամի հետ այժմ աշխատում են «Տաթև» ազգային պարկի ստեղծման ծրագրի շուրջ։ «Այն կլրացնի մեր հատուկ պահպանվող տարածքների ցանցը, որն ունենք Հայաստանի հարավում և իհարկե, կնպաստի, տուրիզմի զարգացմանը։ Մարդիկ պետք է հասկանան, որ բնությունը պահելով՝ կարելի է ավելի շատ օգուտ քաղել, քան այն առանց մտածելու օգտագործելով»։