ԲՀԿ խորհրդաժողովը հետաձգվեց. սպասում են Գագիկ Ծառուկյանին
Այսօր նախատեսված ԲՀԿ խորհրդաժողովը հետաձգվեց։ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ պատճառը Գյումրու սպանդի զոհ դարձած ընտանիքի վերջին անդամի՝ Սերյոժա Ավետիսյանի մահն է։ «Մենք պատրաստվում ենք մասնակցել սգո արարողություններին, եւ կարծում ենք՝ այս օրերին Հայաստանում որեւէ այլ միջոցառում անցկացնելու կարիք չկա»։ Իսկ թե ինչու երեկ չի հայտարարվել այդ մասին, ըստ Ուրիխանյանի՝ որոշումը կայացվել է միայն այսօր։ Հյուրանոցային համալիրի մոտ, որտեղ պետք է տեղի ունենար խորհրդաժողովը, արդեն հավաքվել են բազմաթիվ քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, որոնք դեռեւս չեն հեռանում. ամենայն հավանականությամբ, ելույթ կունենա Գագիկ Ծառուկյանը։ «Ա1+»-ը հետաքրքրվեց, թե ինչպես է ԲՀԿ-ն գնահատում իշխանության քայլերը Գյումրու դեպքերի հետ կապված։ Ի պատասխան Ուրիխանյանն ասաց, որ որեւէ բան չի ուզում մեկնաբանել. «Թույլ տվեք մեզ ուղղակի մասնակցել սգո արարողություններին»։