Բացել լրահոսը Փակել լրահոսը
միհրան
A A
Պաշտոնական

1 տոննա կոկայինի գործով նիստը տեղի կունենա վաղը

Ապօրինի ճանապարհով Հայաստան նորմուծված մոտ 1 տոննա «Կոկաին» տեսակի թմրամիջոց ներկրելու գործով նիստը տեղի կունենա վաղը: Հիշեցնենք, որ գործը 2025թ. դեկտեմբերի 17-ին ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Մեղադրանք է առաջադրվել 5 անձի: Գործով դատավորը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանն է:

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, «Մրգենի» ՍՊԸ-ի տնօրեն Լեւոն Աթաջանյանը, նույն ընկերության գնումների եւ ներմուծումների բաժնի պետ Մելիտա Ղազարյանը, Սամվել Գալուստյանը եւ Գագիկ Բադալյանը մեղադրվում են խմբի կազմում՝ նախնական համաձայնությամբ, իրացման նպատակով, առանձնապես խոշոր չափերով «Կոկաին» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու եւ պահելու, ինչպես նաեւ մաքսային հսկողությունից թաքցնելով` ՀՀ պետական սահմանով ապօրինի առանձնապես խոշոր չափերով (788 կգ) «Կոկաին» տեսակի թմրամիջոց տեղափոխելու համար:

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը մինչ օրս գտնվում է հետախուզման մեջ:

Այդ դատական նիստին զուգահեռ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում շարունակվում է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի եւ նրան փոխկապակցված 7 անձանց՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործը:

Դատախաղությունը նրանից պահանջում է ՀՀ տարածքում գտնվող 15 անշարժ գույք, որից 2-ը անհատական բնակելի տուն Երևանում, 1 ավտոտնակ, 12 հասարակական նշանակության տարածք, 3 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 3 մլրդ 502 մլն 570 հազար դրամ, ինչպես նաև մասնակցություններ 6 իրավաբանական անձերում, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 710 մլն 839 հազար 400 դրամ փոխառությունների եւ այլ դեբիտորական պարտքերի պահանջի իրավունքը, 465 մլն 628 հազար 637 դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 6 մլրդ 141 մլն 24 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում եւ հնարավոր չէ բռնագանձել։ Գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 4-ին:

Ի դեպ, Միհրան Պողոսյանը տեսակապի միջոցով հայտարարել է, որ «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը մասնակցելու է 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված Ազգային ժողովի ընտրություններին։