Որ սցենարի դեպքում էլեկետրաէներգիայի սակագինը չի բարձրանա
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց 2015թ. իր գործունեության ծրագիրը: Ի պատասխան ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը վստահեցրեց՝ սակագների նոր վերանայում չի լինելու. «Որոշակի եթե-ներ չեմ ասի: Այս տարին սակավաջուր էր, եթե մեր բալանսում ամրագրված գեներացնող կայանները իրենց հասանելիք էներգիան եկող տարի ապահովեն, ապա սակագնի բարձրացում չենք ունենա: Եթե այդ սցենարը պահպանվի, ապա 2016թ. էլ չի լինի: Տա Աստված, ատոմակայանն էլ պլանային վերանորոգման չկանգնի»: ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանին էլ հետաքրքրում էր գազի գնի փոփոխությունը՝ ԵՏՄ անդամակցելով: «Ո՞նց, ուզում եք էլի բարձրանա»,- զարմացած հարցրեց Ռոբերտ Նազարյանը: «Բայց ինչո՞ւ բարձրացում. գազի գնի փոփոխության ենթատեքստում միայն բարձրացո՞ւմ եք ընկալում: Ես նկատի ունեի գնի իջեցում՝ ԵՏՄ մտնելով»,- հստակեցրեց Խաչատուր Քոքոբելյանը: Ռոբերտ Նազարյանը վստահեցրեց, որ իրենք լավագույնս աշխատել են բոլոր այն փաստաթղթերի վրա, որոնք անհրաժեշտ էին ԵՏՄ մտնելու համար. «Մենք այնքան լավ էինք աշխատել, որ անգամ մեզ գովեցին՝ ասելով, որ մենք այնքան առաջ եք անցել մյուսներից, որ մեզնից պետք է սովորեն: Ինչ վերաբերում է գազի գնի հետ կապված ռիսկերին, ես որեւէ խնդիր չեմ տեսնում, բացի դրականից: Տա Աստված, իհարկե, գազի սակագինը նվազի, եւ դա իր դրական հտեւանքները կունենա»: Խաչատուր Քոքոբելյանին հետաքրքրում էր նաեւ ԵՏՄ-ում ինչպես է կարգավորվելու արտահանումը, ինչպես նաեւ՝ բջջային երեք օպերատորի գործունեության փոփոխություն ակնկալվո՞ւմ է: «Մենք կարող ենք արտահանել միայն էլեկտրաէներգիա, որը մենք ենք արտադրում, սակայն գազ չեն կարող արտահանել, քանի որ ՌԴ հետ ունեցած պայմանագրով մենք գազ ենք ստանում այնքան, որքան մեզ է անհրաժեշտ: Ինչ վերաբերում է երեք օպերատորներին, նրանք մնում են մեր ազգային կարգավորման դաշտում, ու որեւէ բան չի փոխվելու. որեւէ սահմանափակում չի լինելու, նույնիսկ ստորակետի փոփոխություն չի լինելու: Անգամ ԵՏՄ միասնական օրենսդրությունն ազդեցություն չի ունենալու, դա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ»: Վերջում ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015թ. գործունեության ծրագիրը դրական եզրակացությամբ մտցրեց ԱԺ քառօրյա՝ քննարկման: