Հայ քաղաքագետները նկատողություն արեցին ռուս գործընկերոջը (տեսանյութ)
2012-2013թթ. ընտրություններում Հանրապետականները գրավեցին հնարավոր բոլոր աթոռները։ Նախագահական ընտրությունների միակ ընդդիմադիր թեկնածուն նախընտրեց աղոթել եւ տուն գնալ: Հայաստանի վերջին ընտրություններն այսօր «Կովկաս-2013» միջազգային գիտաժողովում այսպես նկարագրեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Ինչ վերաբերում է հետընտրական գործընթացներին, մասնավորապես Մաքսային միությանը անդամակցելու Սերժ Սարգսյանի որոշմանը, ապա պարոն Իսկանդարյանը նկատեց. «Սերժ Սարգսյանը ոչ մի ընտրություն չարեց, և նրա փոխարեն ով էլ լիներ, միեւնույն է՝ Վլադիմիր Պուտինի սենյակից դուրս կգար այդպիսի համաձայնությամբ»։ Այսօրվա միջազգային գիտաժողովում քննարկվող հարցերից էր նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովի կարծիքով՝ բանակցային գործընթացում ոչինչ չի փոխվել: Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը հավասար է զրոյի: Մասնագետները գտնում են, որ գործընթացում առաջընթաց չի կարող արձանագրվել, քանի որ կողմերը չեն պահպանում անգամ մինչ օրս ձեռք բերած պայմանավորվածությունները: Ի դեպ, գիտաժողովի ժամանակ Սերգեյ Մարկեդոնովն անընդհատ օգտագործում էր «օկուպացված տարածքներ» արտահայտությունը: Հայ մասնագետները հարկ համարեցին հիշեցնել, որ այդ տարածքներն ազատագրված են։