Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որքա՜ն են գործարար պատգամավորներն սպասել այսպիսի վարչապետի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hovo

Ի՞նչ գործ ունեին Ազգային ժողովի հանրապետական պատգամավորները խոշոր հարկատուների հետ վարչապետի հանդիպմանը։ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանն ասում է. «Պատգամավորները խոշոր գործարար չեն, օրինակ ես, բայց սեփականատեր են»։ Մանվել Բադեյանը հենց այդ պատգամավորներից մեկն է։ Նա ուշադիր է լսել Հովիկ Աբրահամյանին, առաջին անգամ չէ, որ ինքը եւ ուրիշ գործարարներ հրավիրվում են վարչապետերի մոտ՝ հավասար մրցակցության կարեւորության մասին խոսքեր լսելու համար. «Բայց ամեն անգամ գործարարները ուսերը թափ տալով դուրս են եկել՝ չհասկանալով՝ ինչ պահանջներ են իրենց ներկայացնում»։ Այս անգամ հասկացել են, վարչապետն ասել է, որ անկախ դիրքից բոլորը պետք է գործեն հավասար մրցակցային պայմաններում։ Իսկ ովքեր են ստվերում՝ դրանով խանգարելով մրցակցությանը։ Այդ մասին վարչապետը ոչինչ չի ասել։ «Նա ասեց, որ որոշ ոլորտներ կան, որտեղ ստվերը հասնում է մինչեւ 30 -40 տոկոսի»՝ գաղտնազերծում է Մանվել Բադեյանը։ Ալեքսան Պետրոսյանը նույնպես այդ գործարարներից էր, նա իր ականջներով է լսել, թե ինչպես է բիզնես ունեցող վարչապետն ասել՝ ձեզ բոլորիդ մինչեւ հուլիսի 1-ը ժամանակ, մտնում եք հարկային օրինական դաշտ. «Խոսքը չի գնացել էն մասին, որ բոլոր գործարարները ստվերում են աշխատում, խոսքը գնացել ա, որ մաքսիմում հնարավորության սահմաններում մաքսիմում կրճատել այդ ստվերը»։ Հանրապետական պատգամավորը հիացած է Հովիկ Աբրահամյանով, ինչքա՜ն երկար է պարոն Պետրոսյանը սպասել այսպիսի վարչապետի. «Ոչ մի վարչապետ նման ազնիվ պահվածք, նման ազնիվ աջակցություն գործարարներին, որ ինքը...»։ Հանրապետական Աշոտ Աղաբաբյանը հաջորդ գործարարն է, որ արժանացել է Հովիկ Աբրահամյանի հավասար մրցակցության եւ տնտեսության բարոյահոգեբանական մթնոլորտը փոխելու մասին ելույթին։ Նախկին վարչապետները այդքան անկեղծ եւ համոզիչ չէին. «Մյուս վարչապետները չգիտես ինչի իրենց պաշտոնի մեջ էին մնում եւ չէին կարողանում դուրս գային»։ Հովիկ Աբրահամյանը բոլորին ասել է՝ մենք ընկերներ ենք, եկեք երկիր պահենք։ Իսկ ինչպե՞ս է բիզնես եւ հարկային մարմինների վրա իշխանություն ունեցող վարչապետը իր փողերը ստվերից հանելու եւ մտցնելու բյուջե։ Ըստ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանի՝ «Ինքը պատրաստ ա, որ այսինքն, ես էլ սեփականություն ունեմ, որ հարկային մարմինները պիտի անպայման կարողանան բոլոր տնտեսվարող սուբյեկտները նայեն, ոչ թե իմն ա չնայեն»։ Ի դեպ, հանրապետական պատգամավոր Վահրամ Մկրտչյանը դժվարացավ մեկնաբանել գործարար վարչապետի եւ գործարար պատգամավորների հանդիպումը։ Առաջին անգամ էր լսում. «Չգիտեմ՝ ովքեր են մասնակցել եւ մասնակցության նպատակն ինչ է եղել, խորհրդակցություն՝ ինչ ֆորմատով, տեղյակ չեմ»։