Երկիրը գծերից դուրս է գալիս. Սասուն Միքայելյան (տեսանյութ)
Եթե մենք պահանջենք Սերժ Սարգսյանի հրաժարականը, ապա նա մեկ ամիս հետո հրաժարական կտա։ Այսօր հայտարարեց Քաղաքացիական պայմանագրի խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ այսօր չեն պատրաստվում Սերժ Սարգսյանի առաջ հրաժարականի պահանջ դնել ու չանել դա՝ ժողովրդին հերթական անգամ տանելով հուսախաբության։ «Մենք այն ժամանակ դուրս կգանք փողոց, կպահանջենք Կառավարության, նախագահի հրաժարականը, երբ համոզված կլինենք, որ կարող ենք այդ խոստումներն իրականացնել: Մենք մինչև հիմա հայտարարել ենք, որ մենք այնպիսի խնդիրների մասին չենք խոսելու, որոնց լուծումը կարճաժամկետ ընթացքում չենք տեսնում»,- հավելեց Քաղաքացիական պայմանագրի խորհրդի անդամ Արայիկ Հարությունյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնությունը հայտարարեց, որ իրենց նպատակն է ստեղծել ինստիտուցիոնալ ընդդիմություն, ձևավորել ստվերային կառավարություն, ու հենց այդպես իրականացնել իշխանափոխություն. «Բայց եթե կան իշխանափոխություն անելու այլ առաջարկներ, մենք պատրաստ ենք քննարկել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։: «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը հավելեց, որ այս տարիների ընթացքում բոլորը տեսան, թե կառավարությունն ինչ արդյունքի հասավ ու եւս մեկ անգամ պնդեց, որ վարչապետի փոփոխությամբ խնդիրները չեն լուծվի. «Երկիրը գծերից դուրս է գալիս ժամ-ժամ, ոչ մի բան չի փոխվել, կամ քաչալ Հասան, կամ քաչալ Հասանի տղա, ով գա, ոչ մի բան չի փոխվի, բոլորը կատարելու են Սերժ Սարգսյանի հրահանգները»: