Հարց ԱԱԾ պետի տեղակալին. «Ի՞նչ չեպե է եղել» (տեսանյութ)
ԱԺ արտահերթ նիստում այս պահին բուռն քննարկում է ընթանում Ազգային անվտանգության կողմից ներկայացված օրենսդրական փոփոխությունների շուրջ: ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանն առաջարկում է փոփոխություններ կատարել «Գնումների մասին» եւ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքերում։ Առաջարկվում է պետական պահպանության ներքո գտնվող բարձրաստիճան պաշտոնյաների ծախսերն ու արարողական մյուս միջոցառումների համար արված գնումները գաղտնի պահել: ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը նկատեց, որ ըստ օրենքի միայն գիտությանն ու տեխնիկային վերաբերող գնումներն են գաղտնի ռեժիմով անցնում. «Ո՞րն է խնդիրը, որ կեցության եւ սննդի հարցերը պետք է գաղտնի պահվեն: Ինչո՞ւ է ծախսը ու մայր գումարի չափը գաղտնի պահվում»: Արզուման Հարությունյանը վստահեցրեց, որ դրանք մասնակի գաղտնի են լինելու. «Մեր համապատասխան մասնագետներն այդպես են նպատակահարմար գտել»: Այս հայտարարությունը զարմացրեց Ստեփան Մարգարյանին. «Ձեր ասածն ու օրինագծում գրվածն իրար հետ չեն բռնում: Կարծում եմ, որ այն, ինչ գնում են ու որքան արժե դա, չպետք է գաղտնի լինի, այլ պետք է գաղտնի մնա այն, թե պաշտոնյայի որ մեքենայի որ մասն է պետք գնել»: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի մոտ այնպիսի տպավորություն էր, որ Արզուման Հարությունյանն ընդհանրապես ծանոթ չէր իր իսկ ներկայացրած նախագծին կամ խառնաշփոթ կա. «Մի՞գուցե նման նախագիծ բերելու պատճառն այն էր, որ մամուլը մեծ աղմուկ բարձրացրեց նախորդ վարչապետի կողմից ինքնաթիռներ վարձելու ու շրջելու առիթով: Հիմա, որպեսզի մամուլը նորից դրան չանդրադառնա, դրա համար հապշտապ բերել եք այս նախագիծն ու ուզում եք ընդունել: Նույնիսկի ստալինյան ժամանակաշրջանում նման նախագիծ չեմ տեսել: Ես չեմ հասկանում՝ ինչու պետք է բարձրաստիճան պաշտոնյաների ծախսերը գաղտնի պահել հասարակությունիրց, հարկատուներից»: Տիկին Զոհրաբյանն առաջարկեց նախագիծը հետ տանել կառավարություն ու փորձել հասկանալ՝ ինչի մասին է խոսքը. «Ամեն ինչ դնելը գաղտնիության գրիֆի տակ, դա բացարձակապես անընդունելի է»: «Դա ոչ բոլոր պաշտոնատար անձանց է վերաբերում, այլ նրանց, որոնք պետական պահպանության օրենքով են անցնում: Հանրությունից ոչ թե գաղտնի պահելն է, այլ պահպանության մակարդակի լիարժեքության ապահովումն է: Իսկ տրասնպորտային ծախսեր առաջ չենք քաշել»,- արդարացավ Արզուման Հարությունյանը: Նաիրա Զոհրաբյանը շարունակեց. «Ի՞նչ էր տեղի ունեցել, ի՞նչ չեպե էր եղել կամ ինչ անլուծելի խնդիր է առաջացել, ո՞ր պետական գաղտնիքն էր բացահայտվել, որ նման նախագծի համար տրամաբանական հիմք է ծառայել»: «Ընդհանուր աշխատանքի արդյունավետության բարձրացման համար են վերլուծություններն արվել, այլ ոչ թե որեւէ խնդիր էր առաջացել»,- վստահեցրեց Արզուման Հարությունյանը: