Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ-ն կողմ է, ՀԱԿ-ը՝ դեմ (տեսանյութ)

Քաղաքականություն
anc-arf-logos

ՀՅԴ-ն դեմ չի լինի Կառավարության ներկայացրած ծրագրին՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում ներկայացված փոփոխություններին: Այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ այն համարելով ինչ-որ չափով առաջընթաց: Նրան հատկապես գրավել էր այն, որ Կառավարությունն առաջարկում է քաղաքացուն պարտադիր համակարգից հրաժարվելու դեպքում դիմում ներկայացնել գործատուին, ինչպես նաեւ՝ դիմում գրելով հետ ստանալ իրենից արդեն պահված գումարները: «Հաշվի առնելով ՍԴ որոշումը՝ սեփականության անձեռնմխելիության վերաբերյալ, պետք է ամրագրել, որ օրենքի առաջիկա ցանկացած վերափոխում չի կարող պարտադրել քաղաքացուն փոխանցում անել որեւէ մասնավոր ֆոնդի: Սա շատ սկզբունքային նշանակություն ունի»: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ ի տարբերություն ՀՅԴ-ի, իրենք դեմ են Կառավարության այս առաջարկներին. «Ոչ ոք չի կարող տնօրինել մեր սեփականությունը, բացի մեզնից՝ բացառությամբ Սահմանադրությամբ որոշված դեպքերի: ՍԴ-ն ինչ-որ մասով հակասական որոշում ընդունեց, սակայն ըստ էության, հակասահամանադրական ճանաչեց պարտադիր բաղադրիչը: Վարչապետն իր որոշմամբ ինչ արեց՝ թողնելով պարտադիր բաղադրիչը՝ ընդամենը հանեց պատժամիջոցները»: Ըստ նրա՝ Կառավարությունն իր այս նոր առաջարկներով իրեն էլի պահում է բռնի մի կառույցի պես, որ սեփականացրել է մեր իրավունքը մեր իսկ սեփականության նկատմամբ. «Դիմում գրելու ու պարտադիր բաղադրիչից հրաժարվելու, գումարները հետ վերցնելու իրավունքից օգտվելու է ամենաակտիվ ու գիտակից հատվածը: Կառավարության հաշվարկներով՝ դա կհանդարտեցնի առավելագույն ակտիվներին, իսկ պասիվ զանգվածին կարելի է ընդհանրապես բանի տեղ չդնել: Դա նույն բանն է, որ հորդաներ գան ու թալանեն, հետո առաջարկեն՝ ով կգա, կհայտնվի մեզ մոտ, մենք նրանց իրենց ունեցվածքը կտանք: Նման համարձակություն կունենա մեկ տոկոսից ոչ ավելին»: Պարոն Զուրաբյանը նկատեց՝ ինչ կլինի այն գումարների ճակատագիրը, որոնք արդեն հայտնվել են հիմնադրամներում. Կառավարությունն այդ մասին ոչինչ չի առաջարկում ու ասում է՝ մոռացեք այդ մասին. «Մենք ունենք հստակ տեղեկատվություն՝ ամբողջ թափով պարտադիրը հավաքվում է հանրապետությունում: Ակնհայտ է, որ իշխանությունն ուզում է այս համակարգը պահել ամեն գնով ու մինիմալ զիջումների գնալ: Կառավարությունն իրականում չի ուզում պարտադիր բաղադրիչը վերացնել: Ներկայացված օրինագիծն ուղղակի խաբեություն է: Ինչու է Հովիկ Աբրահամյանը այցելում քառյակի նիստերին. նա փորձում է ժողովրդի թիկունքում կնքել սեփական գործարքը ու ստանալ մի գործիք, որով ժամանակ շահի ու կփորձի թուլացնել «ԴԵՄ ԵՄ»-ի քայլերը: Մենք հայտարարում ենք՝ ՀԱԿ-ը չի կիսի պատասխանատվությունը այս գործարքի համար, ու մենք մինչեւ վերջ գնալու ենք՝ ժողովրդի պահանջների իրականացման համար: Սա ՀՀԿ ծրագիրն է, ու այն իրականացվելու է մինչեւ վերջ, միակ ձեւը դիմադրությունն է, որը հնարավորություն կտա վիժեցնելու այս խաբեությունը»: «Լավ չենք անում, որ չենք հավատում»,- Լեւոն Զուրաբյանին արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: