Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճաշկերույթ Վատիկանում՝ ի պատիվ Վեհափառի

Հասարակություն
vatikan

Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի  պատվին  Վատիկանում  տրվել է պաշտոնական ճաշկերույթ՝ հյուրընկալությամբ Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի։ Ամենայն Հայոց կաթողիկոսը իր գնահատանքն է հայտնել դեսպանին միջոցառումը նախաձեռնելու, ինչպես նաև Հայաստանի և Վատիկանի, Հայ և Կաթոլիկ եկեղեցիների միջև սերտ հարաբերությունների ու բարեկամության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար: Ապա նա անդրադարձել է պատմական տարբեր հանգամանքների և հատկապես 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի աշխարհասփյուռ դառնալու հանգամանքին` նշելով, որ աշխարհի տարբեր ծագերում գոյություն ունեցող հայ համայնքներն այսօր բարեկամության կամուրջ են երկրների ու ժողովուրդների միջև: Խոսելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի մասին՝ Վեհափառը ասել է․ - «Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ միայն կարևոր է հայերիս արդար իրավունքների վերականգնման, այլև նախապայման է տարածաշրջանի մշտամնա խաղաղության և մարդկության դեմ ոճրագործությունների կանխարգելման համար: 100-ամյա տարելիցը հրավեր է ազգերին և պետություններին` դատապարտելու Հայոց ցեղասպանությունը, ինչպես և` զորացնելու ընդհանուր ջանքերը` հանուն աշխարհում արդարության և խաղաղության հաստատման»: Գարեգին երկրորդը երախտագիտություն է հայտնել այն երկրներին, միջազգային կառույցներին և քույր եկեղեցիներին, որոնք ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Երեկ Ամենայն Հայոց կաթողիկոսը պատվիրակության ուղեկցությամբ այցելել է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանատուն, հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը բերել դեսպանատան պաշտոնեությանը: